Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել


Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանում է լրագրողների հարցերին։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։

Գրիգորյանն անուններ չհնչեցրեց, բայց ասաց, որ բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ չկա։ Հետևանքերը եղել են, այդ թվում՝ պաշտոնանկություններ:

Պաշտոնյան չբացառեց առաջիկայում քրեական գործի հարուցումը. - «Պարբերաբար այսպես կոչված ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել։ Նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գաղթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին և փորձել են քայլեր ձեռնարկել։ Ու դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևիցե հաջողություն չեն ունեցել»։

«Ազատության» հիշեցմանը, թե վերջին շրջանում պաշտոնանկ են արվել երկրի ոստիկանապետը, Ազգային անվտանգության, Պետական պահպանության ծառայությունների ղեկավարները և հարցին, թե կարելի է ենթադրել, որ նրանք կապված են եղել այդ փորձերին կամ առնվազն աչք են փակել դրանց վրա, Գրիգորյանն արձագանքեց. - «Անունների մասին այս պահին հստակեցում չեմ մտցնի։ Ես կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան»։

Նա չհստակեցրեց նաև, թե ինչն է իշխանության մոտ ողջամիտ կասկածներ առաջացրել, որ նման փորձեր են եղել, որոնց անգամ պաշտոնանկություններ են հաջորդել։

Նկատենք, որ 2019 թվականի սեպտմեբերին պաշտոնից ազատվեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ոստիկնաապետ Վալերի Օսիպյանը, իսկ հոկտեմբերին աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը: Փաշինյանն մինչև օրս այս կառույցներում նոր նշանակումներ չի արել:

Անվտանգության խորհրդի քարտուղարը անուններ չի տալիս, բայց որոշ փակագծեր այնուամենայնիվ բացում է՝ որպես օրինակ նշելով ֆեյք նյուզն ու սև քարոզչությունը. - «Մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել, ասել, որ, օրինակ, պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով, որ հողեր ենք հանձնում։ Ամեն առավոտ գրում են, հայտարարում են, որ հողեր ենք հանձնում։ Նույնիսկ հասել էր այն մակարդակին, որ հայտարարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում։ Նույնիսկ կուսակցության մակարդակով այդպիսի հայտարարություններ են եղել։ Բայց վերջում՝ 2019 թվականի արդյունքները ամփոփելիս, պարզվել է, որ Հայաստանն աննախադեպ քանակի զենք է գնել։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, այս քայլերը տարբեր ձև և տարբեր բնույթ են ունեցել։ Կանխել ենք և դրա վտանգը այս պահին չկա»։

Օրեր առաջ հեղաշրջման մասին խոսել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը՝ ասելով, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել:

Արձագանքելով Հրաչյա Հակոբյանին՝ ԱԱԾ֊ն լրատվամիջոցներից մեկի հարցման ի պատախան հայտարարել էր, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ստացել: ԱԱԾ-ից նաև նշել էին, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել:

Արմեն Գրիգորյանը չի կարծում, որ իր և ԱԱԾ֊ի հայտարարությունները միմյանց հակասում են:

Այս տարվա հունվարի 12֊ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթն էր «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ անանուն հոդված հրապարակել, որում գրված էր, թե «Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: Ըստ հոդվածի, Վանեցյանը համագրոծակցել է Սերժ Սարգսյանի պաշտոնավորման օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արա Սաղաթելյանի և Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ:


XS
SM
MD
LG