Մատչելիության հղումներ

Փաշինյան. Ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է կառավարության նիստը, 12-ը դեկտեմբերի, 2019թ.

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և այդ դիմադրությունը ջարդելու եմ», - այսօր կառավարության նիստին այսպիսի հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ուրիշ տարբերակ չկա։

«Կներեք, չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի ա ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք ա ժամանակ առ ժամանակ անց ասես՝ բա ի՞նչ էղավ, բա ի՞նչ էղավ: Ու պատճառ միշտ էլ կգտնվի, միշտ պատճառ կա, էն օրը ասեցի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին․ որ ուրիշ պատճառ չլինի, էս պատճառը միշտ էլ կա», - շեշտեց վարչապետը՝ շարունակելով․ - «Փորձաքննությունը, էն մեկը, էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում ա փախնի»։

«Ի հեճուկս, և սա ճշմարտություն է: Եվ եկեք արձանագրեք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում ա, դիմադրում ա ամբողջ պետական համակարգը, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ: Որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինձ՝ անձամբ ինձ, ձայն ա տվել և մեր քաղաքական ուժին ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրում այսօր բուռն ու երկարատև քննարկման արժանացավ Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը։ Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ընդդիմախոսը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր, ով առաջարկեց ռազմավարության ընդունումն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ պատրաստ չէ հարկային համակարգի բարեփոխումների ծրագիրը, որպեսզի հետագայում այդ երկու ռազմավարությունները ներդաշնակ լինեն։

Փաշինյանը միջամտեց՝ ռազմավարությունն իդեալական չէ, առաջիկայում ներկայացվելիք ռազմավարությունները ևս իդեալական չեն լինելու, սակայն դա չի նշանակում, որ պետք է երկիրը 50 տարի կանգնեցնել, մինչև այդ բոլոր ռազմավարությունները չունենանք։

«Եվ էլի ասում եմ՝ այդպես որ ասում ենք ռազմավարություն, հայեցակարգ և այլն, եկեք, լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք այսօր պետական կառավարման համակարգում ունենք պոտենցիալն այդ ռազմավարությունները մշակելու: Մեկ-մեկ նախարարություններից թղթեր են գալիս, կարդում ես, ասում ես՝ էս ո՞ր դասարանի երեխա է գրել: Մհեր Գրիգորյան, ով համակարգում է այդ աշխատանքը, և նախարարների հետ էլ, այո, մենք նայել ենք՝ ռազմավարական ինչ տեքստեր են ուղարկում, լացելու, լացելու տեքստեր», - ասաց վարչապետը, ապա շարունակեց. - «Ասում ենք՝ կայացած պետություն ենք։ Այո՛, կայացման շատ կարևոր ճանապարհ անցել ենք։ Բայց կայացած պետությունն այն է, որ կապ չունի՝ այս (վարչապետական) աթոռին ով է նստած, ինքը առաջադրում է քաղաքական խնդիրը, այդ համակարգը գնում է ու ասում՝ այդ խնդիրը լուծելու համար պետք է այս ժամկետում իրականացնել էս, էս, էս քայլերը, դրա համար անհրաժեշտ են էս, էս, էս օրենսդրական փոփոխությունները, դրա համար հարկավոր են էսքան ֆինանսական միջոցներ, հնարավոր աղբյուրներն էլ սրանք են: Եվ ես ասում եմ, որ էս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Ես ուղիղ ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ինչ հաջողություն և ձեռքբերում մենք այսօր ունենք, ամբողջը, 100 տոկոս՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Վարչապետի կաբինետում, կառավարությունում գիտեք՝ ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այ ցավդ տանեմ, էտ ատկատները, որ փակում եք, դրա արդունքում մենք էս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերը ավելի լավ է, թեկուզ գնան, ինչ-որ տեղ գնա, որ փողը պտտվի, բայց մի արդյունք կունենանք»:

Արդեն կառավարության նիստից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցրեցինք՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետը՝ հայտարարելով, թե ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ «Ես կարծում եմ՝ ավելի շատ վարչապետը նկատի ուներ համակարգի այն ձևը, որը նախկինում գոյություն է ունեցել, այն ի սկզբանե եղել է որոշակի տրամաբանությամբ գործող և այդ տրամաբանությունից հեշտ չէ ընդհանուր համակարգը, քանի որ այն մեծ է, բավականին ծանր, այդ համակարգը նոր տրամաբանության մեջ դնել և գործարկել», - պատասխանեց Աղաջանյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ով կառավարության որոշմամբ այսօր նշանակվեց Հանրային խորհրդի անդամ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց՝ հեղափոխությանը պետական համակարգի դիմադրությունն ակնհայտ է։

«Թերևս այս երևույթը կոչվում է «դիփսթեյդ», և այս երևույթի մասին մենք վերջին օրերին տարբեր առիթներով շատ խոսել ենք, և այո, իհարկե, այդ դիմադրությունը կա, կան պետական կառավարման շատ օղակներ, մարմիններ օրինակ՝ Ազգային անվտանգության ծառության վերջին, որոշակի ժամանակաշրջանի գործունեոյթյունը դասական դիփսթեյդ գործունեություն է»:

Ճշտող հարցին՝ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին նկատի ունի՞, նա արձագանքեց. - «Ոչ միայն, նաև Վանեցյանից հետո, նաև վերջին օրերի որոշ հայտարարություններ և գործունեությունը: Տեսեք, պետական կառավարման համակարգում կան բազմաթիվ անձինք, ովքեր չեն ուզում փոփոխություններ, ովքեր կոմֆորտ զոնայում են և ուզում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG