Մատչելիության հղումներ

Չինաստանում նոր վարակից մահացել է 17 մարդ. 11-միլիոնանոց Վուհանում կարանտին է


Չինաստան - Վուհան քաղաքի երկաթուղային կայարանը գրեթե դատարկ է, 23-ը հունվարի, 2020թ.
Չինաստան - Վուհան քաղաքի երկաթուղային կայարանը գրեթե դատարկ է, 23-ը հունվարի, 2020թ.

Չինաստանի իշխանությունը հաստատել է, որ Վուհան քաղաքում տարածված կորոնավիրուսի զոհ է դարձել 17 մարդ, գրանցվել է հիվանդության 571 դեպք:

11-միլիոնանոց Վուհանը գրեթե ամբողջությամբ փակ է, հանրային տրանսպորտը չի գործում, քանի որ սահմանվել է կարանտինի ռեժիմ:

Քաղաքի բնակիչները երկրի տարբեր շրջաններից վերջին չվերթներով փորձում են տուն վերադառնալ: Առաջիկայում ելումուտն ամբողջությամբ կարգելվի:

Պեկինի միջազգային օդանավակայանում գրեթե բոլոր մարդիկ դիմակներով են պաշտպանվում հնարավոր ախտահարումից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների փոխանցմամբ, վարակը մարդուն փոխանցվել է կենդանիներից և տարածվում է օդակաթիլային եղանակով, հետևաբար, հաշվի առնելով Չինաստանում այս օրերին հարյուր միլիոնավոր մարդկանց մասնակցությամբ ավանդական տոնը՝ Լուսնային Նոր տարին նշելու հանգամանքը, առկա է կորոնավիրուսի գլոբալ տարածման վտանգ:

Ախտանշաններով գրիպին նմանվող այս հիվանդությունը Չինաստանից արդեն հասել է Հոնկոնգ, Թայլանդ, Հարավային Կորեա, գրանցվել են հիվանդության դեպքեր նաև Միացյալ Նահանգներում: Ըստ մասնագետների, սա նոր տեսակի կորոնավիրուս է:

XS
SM
MD
LG