Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն անդրադարձել է դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքին


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին արձակված կրակոցի միջադեպը հանրային լայն արձագանք է ստացել և երբեմն տեղիք տվել այս պահին նաև անհարկի քննարկումների: Այս մասին հայտարարության մեջ նշել է Բարձրագույն դատական խորհուրդը:

Կառույցը հիշեցրել է, որ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

«Խնդիրն իր կարևորությամբ և աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի և իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում: Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական որևէ մեկնաբանություն անելուց, քանի դեռ քննությամբ պարզված չեն տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Քննության ավարտից հետո միայն կատարվածի մասին կտրվի հիմնավոր տեղեկատվություն և համապատասխան գնահատական», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ:

XS
SM
MD
LG