Մատչելիության հղումներ

Դատախազություն. Չկան տվյալներ, որ կվկայեին դատավորի պատուհանին դիտավորությամբ արձակված կրակոցի մասին


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքի հետ կապված նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է, որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին:

«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ չնայած երկշերտ ապակու դրսի հատվածը եղել է կոտրված, որը դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնաբերել է դեռևս հունվարի ութին՝ այս տարվա աշխատանքային առաջին օրը աշխատասենյակ մտնելուց հետո, սակայն, ապակու ներսի շերտը եղել է անվնաս: Եվ միայն հունվարի 21-ին երկու ապակիների արանքում գնդակը հայտնաբերելուց հետո է Տ. Գրիգորյանը դիմել ոստիկանություն: Այսինքն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կվկայեին, որոշակի նպատակներով դիտավորությամբ արձակված կրակոցի մասին, առավել ևս որ դեպքը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տոնական հանգստյան օրերին:

Չնայած այս հանգամանքին, ինչպես նաև նրան, որ քրեական գործը հարուցվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելեւ, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով, նախաքննության ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», - հավելել է նա:

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։

Ավելի վաղ, ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ:

XS
SM
MD
LG