Մատչելիության հղումներ

«Իմ քայլ»-ի պատգամավորը հակադարձում է Հայաստանի երրորդ նախագահի պաշտպանական թիմին


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյան, արխիվ

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը հակադարձում է Հայաստանի երրորդ նախագահի պաշտպանական թիմին ու նախկին իշխանության ներկայացուցիչներին և վստահեցնում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Սերժ Սարգսյանին քաղաքական հետապնդման չի ենթարկում: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ հարցը քաղաքական հարթություն տեղափոխելով՝ Սարգսյանի թիմը ցույց է տալիս, որ իրավական բացատրություններ չունեն մեղադրանքի վերաբերյալ:

«Եթե որևէ կերպ իշխող քաղաքական ուժը նպատակ ունենար քաղաքական ճնշումների գնալու, դա կաներ մեկ տարի առաջ, դա կաներ երկու տարի առաջ, ուղիղ հեղափոխությունից հետո և այդ իրավիճակում, չունենալով անգամ բավարար իրավական հիմքեր և բացառապես անգամ ելնելով տրամաբանությունից զուտ հեղափոխության և փիլիսոփայությունից, ինչը տարբեր երկրներում իրականացվել է։ Բայց մենք այդ ճանապարհով չենք գնացել, և էստեղ բացառապես այս ամենը, այս բոլոր գործերը պետք է դիտարկել իրավական դաշտում։ Իրավական դաշտից դուրս են բերում միայն իրենք՝ տանելով քաղաքական դաշտ, որովհետև իրենց դա ձեռնտու է, որովհետև միակ պաշտպանությունը էնտեղ կարող են ստանալ», - ասաց Աբրահամյանը։

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտարարեց, որ ավարտել է Սերժ Սարգսյանի քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները հայտարարում են՝ պաշտոնաթող նախագահի նկատմամբ «քրեադատավարական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»:

Հայտարարությամբ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու համար, մինչդեռ Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանը տարակուսում է՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանին վերագրվող մեղադրանքը նախագահի լիազորությունների հետ: «Այն, ինչի համար այս պահին իր դեմ մեղադրանք է առաջադրված, որևէ կերպ չի բխել իր գործառույթներից և որևէ կերպ իր գործունեության շրջանակում չի եղել», - ընդգծեց «Իմ քայլ»-ի պատգամավորը։

Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը: Ըստ այդմ, Սարգսյանն անձնական շահագրգռվածություն է ցուցաբերել, որ մրցույթին մասնակցի «Ֆլեշ» ընկերությունը՝ պետությունից 15 միլիոն լիտր դիզվառելիքի դիմաց ստանալով խոշոր գումար: Սրա հետևանքով, ըստ իրավապահների, պետությունից վատնվել է մոտ կես միլիարդ դրամ գումար:

Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը, մինչդեռ, հայտարարում է՝ գործում չկա առերևույթ հանցանքի կատարման մասին վկայող բավարար ապացույցների համակցություն, ավելին՝ գործով հավաքված տվյալները որևէ կերպ չեն փաստում, որ գործը քննվել է ընդհանրապես հանցագործության դեպքի առթիվ, և հավաքված տվյալներն «աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին»:

Իշխանական պատգամավոր Գայանե Աբրահամյանը, այդուհանդերձ, վստահ է՝ իրավապահները չէին կարող առանց հիմքի մեղադրանք առաջադրել նախկին նախագահին. - «Կարծում եմ, որ չհիմնավորված գործը Հատուկ քննչական ծառայությունը, որպես այդպիսին, չէր ընդունի»։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին՝ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը դրդելու համար: Նա ևս մեղադրանքը չի ընդունում և ստորագրություն է տվել երկրից չհեռանալու մասին:

Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր՝ գործում առկա տվյալներն ապացույցներ չեն, գործում կա մեկ անձի ցուցմունք, որն առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Այդ անձը, ըստ մամուլի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն է։ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել նաև վերջինիս՝ առանձնապես խոշոր չափերով վատնման համար:

Մեղադրանք է առաջադրվել նաև նախկին գյուղփոխնախարար Սամվել Գալստյանին, գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը կազմակերպելու համար:

Բոլոր հինգ մեղադրյալների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG