Մատչելիության հղումներ

Միխայիլ Միշուստինը նշանակվել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում


Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստին, 16-ը հունվարի, 2019թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ստորագրել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։

Ավելի վաղ՝ այսօր ցերեկը Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատը հավանություն տվեց Միխայիլ Միշուստինի նշանակմանը երկրի վարչապետի պաշտոնում:

Նա ստացել է 383 կողմ, սրանից շատ ձայն Պետդումայում ստացել էր միայն Պուտինը 2008-ին, երբ չորս տարով նախագահական աթոռը թողել էր արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

Ռուսաստանի նորանշանակ վարչապետը Պետդումայում խոստացել է փոփոխություններ կառավարության կազմի մեջ, սակայն մանրամասներ չի հայտնել:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել էր Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Վերջինս 53 տարեկան է, անկուսակցական, 2010-ից՝ զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Մինչ պետական համակարգում աշխատանքի անցնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը: Միշուստինի մասին տեղեկություններ ռուսական մամուլում շատ չեն:

Հավելենք՝ Ռուսաստանի վարչապետը անցած հոկտեմբերին մասնակցել և ելույթ է ունեցել Երևանում անցկացված WCIT-2019` ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովում՝ որպես հիմնական բանախոսներից մեկը: Այն ժամանակ Միխայիլ Միշուստինը ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը, ելույթն էլ նվիրված էր տնտեսության թվային փոփոխություններին և դրանց ազդեցությանը հարկային վարչարարության վրա։

Երևանյան այցի ընթացքում Միշուստինը եղել էր նաև «Այբ» դպրոցում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների՝ Լևոն Ամդիլյանի և Արթուր Ջանիբեկյանի հետ։

Ռուսական անկախ կայքերն այսօր տեղեկություն են տարածել Միշուստինի հսկա հարստության մասին, իսկ Նավալնու թիմը բացատրություն է պահանջել, թե ինչպես է Միշուստինի կինը վաստակել մոտ 800 միլիոն ռուբլի։

«Մենք կոչ ենք անում վարչապետին պատմել, թե ինչպես է նրա կինը վաստակել այդ գրեթե 800 միլիոն ռուբլին։ Եվ քանի դեռ նման բացատրություն չկա կարող ենք կասկածել, որ նրա կնոջ խորհրդավոր բիզնեսը պարզապես ֆեյք է», - ասված է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տարածած տեսանյութում։

Երեկ, Ռուսաստանի նախորդ կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, անսպասելի հրաժարական էր տվել Դաշնային ժողովին Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց:

Ուղերձում Ռուսաստանի նախագահը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնց համաձայն նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվում են խորհրդարանին, և երկրում, ըստ էության, ստեղծվում է կառավարման նոր համակարգ:

Իրադարձությունները Ռուսաստանում երեկ զարգանում էին կայծակնային արագությամբ։ Պուտինը ուղերձում ասել էր, թե սահմանադրական փոփոխությունները պետք է դրվեն համընդհանուր քվեարկության, իսկ արդեն ուշ երեկոյան Կրեմլի կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խումբ, որի կազմում են նաև՝ կինորեժիսոր Կարեն Շախնազարովը, պատմաբան Ալեքսանդր Չուբարյանը, իրավագետ Սուրեն Ավակյանը։

Պուտինն այսօր արդեն հանդիպել է այդ խմբի հետ։

Ռուսաստանցի փորձագետները երեկվա իրադարձությունները մեկնաբանելիս նշում են, որ Պուտինը այդուամենայնիվ որոշել է հեռանալ Կրեմլից 2024-ին, իսկ նրա իշխանությունը երկարաձգելու ամենահավանական սցենարներից է պետական խորհրդի ղեկավարի պաշտոնը։

Ուղերձում Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարել էր, թե Սահմանադրությունում պետք է ամրապնդել այդ կառույցի իրավական կարգավիճակը։

Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը մնացել է իշխող Միասնական կուսակցության նախագահի պաշտոնում։

XS
SM
MD
LG