Մատչելիության հղումներ

Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է «Քաղհասարակության կազմակերպությունների խմբի» զեկույցը


Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի
Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ և դիտարկումներ, արձանագրել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը, որը տեղի է ունեցել երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ բացարձակապես անընդունելի ու դատապարտելի է նկատվել զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ ու նենգափոխված ներկայացումը, «որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ»:

Ժողովականները հաստատել են, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից, նշված է հաղորդագրությունում։

Ժողովի ընթացքում քննարկվել են թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել նաև եկեղեցականների պատրաստության, հոգևոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության և կրթության բարելավման վերաբերյալ:

Քննարկումներ են ծավալվել եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբերի հետևողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի և բարեպաշտ ժողովրդի, ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG