Մատչելիության հղումներ

Կստեղծվի պետության և եկեղեցու հարաբերությունների հարցերով հանձնաժողով


Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. - «Վեհափառ Հայրապետի հետ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվելու համար, որպեսզի ունենանք մշտական գործող աշխատանքային ձևաչափ, որպեսզի գոյացող հարցերը քննարկվեն և լուծումներ ստանան»:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ Փաշինյանը նշել է, որ այդ լուծումները ցանկալի է, որ լինեն ոչ թե հատվածական և այսրոպեական, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալ և երկարաժամկետ:

«Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Վարչապետն աշխատանքային խմբի գործունեությունն արդյունավետ դարձնելու համար կարևորել է հարցերի խորությամբ քննարկումը՝ հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ: Նա նշել է, որ օրինակ կրթության ոլորտում կարևոր խնդիրը, որ Մայր Աթոռն առաջարկել էր, Հայ Առաքելական Եկեղեցու պատմության հետ կապված հարցն է՝ ընդգծելով. - «Այստեղ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք մենք տարբերակո՞ւմ ենք Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք, ինչո՞ւ ենք տարբերակում, և եթե տարբերակում ենք, ինչպե՞ս ենք տարբերակում, և այդպես շարունակ»:

Հաջորդ խնդիրը, որը նշել է վարչապետը վերաբերում է հարկային հարաբերություններին. - «Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքն այս առումով միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, և արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք: Վեհափառ Հայրապետի հետ խոսակցությունների ժամանակ էլ ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ այդ թեմային անդրադառնալու: Մանավանդ, երբ այսօր ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետև այդ վճարված հարկերի արդյունքում է ձևավորվում և ձևակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաև Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ: Եվ, փառք Աստծո, այսօր մեր այդ կոչը որոշակի արձագանք ստանում է»:

Փաշինյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը մեծ մասով հիմնված էր հենց քրիստոնեական արժեքների վրա՝ շարունակելով. - «Ես համոզված եմ, որ այդ քրիստոնեական արժեքները կարող են ծառայել և պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հզորացմանը»:

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. - «Հայրենի պետության և մեր Եկեղեցու հարաբերությունների կանոնակարգման այս նոր ձևաչափը բարեպատեհ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը և փնտրելու դրանց լուծման ուղիներ՝ ի խնդիր մեր Եկեղեցու առաքելության արդյունավորման՝ հանուն մեր երկրի և ժողովրդի»:

Վեհափառն իր խոսքում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին. - «Վստահ ենք, որ եկեղեցի-պետություն գործակցության ընդլայնումը պիտի նպաստի մեր ժողովրդի ազգային և հոգևոր կյանքի զորացմանը, գիտակից ու օրինապահ քաղաքացու ձևավորմանը, ընտանիքների ամրությանը, եկեղեցու պայծառությանը և պետության հզորությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG