Մատչելիության հղումներ

Փոխվարչապետ Գրիգորյան. Բացառված չէ, որ ապրիլի 1-ից հետո «Գազպրոմ Արմենիան» գազի գնի վերանայման հայտ ներկայացնի


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 20 հունվարի, 2020թ.
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 20 հունվարի, 2020թ.

Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի փոխվի, մինչև այդ ժամկետը «Գազպրոմ Արմենիան» հայտ չի ներկայացնի, սակայն քննարկումներ են ընթանում, որոնք դեռ ամփոփված չեն, և բացառված չէ, որ ապրիլի 1-ից հետո ռուսաստանյան մոնոպոլիստը կարող է գազի գնի վերանայման հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Պաշտոնյան ամիսներ է, ինչ բանակցում է ռուսաստանյան պետական ու «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ՝ Հայաստան մատակարարվող ռուսական կապույտ վառելիքի նոր գնի շուրջ. - «Այս տարվա հունվարի 1-ին սահմանին գազի գինը չի թանկանա և չի թանկանա ողջ 20 թվականի համար: Դա այլևս պայմանավորված հարց է, և դրան կարող ենք էլ անդրադարձ չկատարենք, և ապրիլ ամիսը դրա հետ կապ չունի: Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1 սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի, որովհետև այնուամենայնիվ հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն:

Ըստ այդմ, այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում: Ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, ինչո՞ւ, որովհետև երբ մենք միասին այդ թվում խոսել ենք գազի սակագնի բաղադրիչների մասին, բաղադրիչների մեջ կա 3 հիմնականը, ինչպես նշել եմ, այո, գինը սահմանին, որն այլևս այս տարվա համար առնվազն քննարկան հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնք շատ հեշտ է գնահատական տալ, պայմանավորվել, բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց, այնուամենայնիվ կա պնդում, կա դատողություն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և եթե դրա շուրջ կամ հնարավոր է, որ դրա հետ կապված այնուամենայնիվ հայկական «Գազպրոմն» ինչ-որ նոր ասելիքներ ունենա, և ըստ այդմ հանրայնորեն բաց և թափանցիկ այդ հարցը քննարկվի, եթե նման հարց առաջանա: Համապատասխանաբար այս պահի դրությամբ ես կարող եմ վերահաստատել, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու, սահմանին գազի գինը 20 թվականի ընթացքում չի փոփոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցը նույնպես պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը, այդ ժամանակ ավելի հստակ կլինի մեր պատկերացումը», - ասաց նա:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ սահմանին գազի գինը չի փոխվի, իսկ բնակարաններում կթանկանա, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. - «Չէ, արդեն պայմանավորված լինելը նույնիսկ ֆիզիկապես անհնարին է, որովհետև դուք գիտեք օրենսդրությունը, կարգը, ձևը, թե ոնց է փոփոխվելու սակագինը, ըստ այդմ այդ դետալիզացված պայմանավորվածությունը հնարավոր էլ չի ունենալ, բայց քննարկումները, իհարկե, ընթանում են: Չթաքցնեմ ձեզանից, և ներդրումային ծրագրերի հետ կապված, այո, ցանկություններ կան, որպեսզի իրականացվեն որոշակի ներդրումներ, որովհետև այնուամենայնիվ ֆիքսենք, որ դա անվտանգության, արդյունավետության և ենթակառուցվածքը ճիշտ ֆիզիկական գոյության պահելու խնդիր է»:

Հարցին՝ պետբյուջեն պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակչությանը, եթե գազի գինը թանկանա, փոխվարչապետ Գրիգորյանը պատասխանեց, որ երբ հասկանան, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն ու ծախսերի անհրաժեշտություն, «բնականաբար, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի», և խնդիրների առաջ չեն կանգնի: Փոխվարչապետը վստահեցրեց՝ դրա հնարավորությունը կա:

«Ազատությունը» հետաքրքրվեց նաև, թե արդյոք գազի գնի թանկացումը տնտեսական աճի վրա բացասական չ՞ի անդրադառնա, Մհեր Գրիգորյանը պնդեց. - «Ես կարող եմ ասել, որ էքստրեմալ, դրամատիկ ինչ-որ խնդիր, վստահ եմ, չկա»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն օրերս չէր բացառել, որ ապրիլի 1-ից հետո «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է գազի գնի վերանայման հայտ ներկայացնել։ Էլ ավելի վաղ նման տարբերակը չէին բացառել ընկերությունում՝ նշելով, որ ներկայում դեռ քննարկումներ են անցկացնում։

2013թ.-ին, երբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև այդ տարվա դեկտեմբերին կնքված համաձայնագրով «Հայռուսգազարդում» Երևանին պատկանող վերջին 20% բաժնեմասը Սերժ Սարգսյանի կառավարությունը փոխանցեց «Գազպրոմին», Կրեմլը Հայաստանի հետ սահմանին գազը վաճառում էր 1000 խորանարդ մետրը 240 դոլարով: Այդ համաձայնագրից հետո՝ 2014թ․-ից սկսած, սահմանին գազի գինը իջավ 189 դոլար: 2015թ․ սեպտեմբերին սահմանին գազը կրկին էժանացավ՝ դառնալով 165 դոլար: Հաջորդ տարի՝ 2016թ․ ապրիլին, գազը ևս մեկ անգամ էժանացավ՝ Հայաստանի սահմանին դառնալով 150 դոլար, թեև մարդիկ բնակարաններում շարունակում էին վճարել գրեթե 2 անգամ թանկ:

Անցած տարվա հունվարի 1-ից Կրեմլը թանկացրեց Հայաստանի համար նախատեսված կապույտ վառելիքը․ սահմանին այն վերադարձավ 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնին: Բնակարաններում սպառման համար հայաստանցիները «Գազպրոմ Արմենիային» վճարում են մոտ 290 դոլար:

Ի դեպ, «Գազպրոմ» ընկերության 2018թ․ հաշվետվության համաձայն՝ այդ տարի Ռուսաստանում ընկերության վաճառած 1000 խորանարդ մետր գազի մեծածախ, միջին գինը կազմել է ընդամենը 67.5 դոլար, իսկ հետխորհրդային երկրների դեպքում մեծածախ, միջին գինը եղել է 162.6 դոլար:

XS
SM
MD
LG