Մատչելիության հղումներ

Պուտինն ու Փաշինյանն անդրադարձել են նաև գազի գնին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են նաև Հայաստան մատակարավող գազի գինը։

«Ազատության» հետ զրույցում փոխանցելով այս տեղեկությունը՝ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ գազի գինը կորոշվի բանակցությունների արդյունքում:

«Գազի թեման չէր կարող շրջանցվել: Բնականաբար, տնտեսական համագործակցության որպես բաղկացուցիչ մաս, շոշափվել և քննարկվել է առաջնորդների կողմից, բայց ես կարծում եմ, որ վերջնական որոշումները, կոմերցիոն որոշումները կայացվելու են տնտեսվարող սուբյեկտների կողմից», - ասաց Կարապետյանը:

Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացել է այս տարվա հունվարի 1-ից. Հայաստանը հիմա «Գազպրոմին» հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարում է ոչ թե 150 դոլար, այլ 165 դոլար։

Երեկ երկու հանդիպումներին Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության այլ հարցերի ևս։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդման, տարածաշրջանային նշանակության հարցեր: Առաջին հանդիպումից հետո Փաշինյան-Պուտին երկրորդ հանդիպումն է կայացել, արդեն «Զվարթնոց» օդանավակայանում։

Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի խոսքով, այդ հանդիպումը ևս մոտ 1 ու կես ժամ է տևել ու ավելի անկաշկանդ մթնոլորտում է ընթացել․ - «Որոշում կայացվեց, որ արժե շարունակել զրույցը, որը շատ լավ, ջերմ մթնոլորտում էր անցկնում, և կարիք զգացին առաջնորդները շարունակելու»:

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։ Վարչապետի մամուլի խոսնակն ասում է, որ Փաշինյանի այցը հնարավոր է արդեն հաջորդ տարի կայանա։

Պուտինը հանդիպում է ունեցել Բելլա Քոչարյանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահը երեկ նաև Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ է հանդիպել։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանդիպումը կայացել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքում, սակայն չմանրամասնեց, թե ով է եղել հանդիպումը նախաձեռնողն ու մասնավորապես ինչի վերաբերյալ են զրուցել Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունից նույնպես խուսափեցին որևէ մեկնաբանություն անել Վլադիմիր Պուտին - Բելլա Քոչարյան հանդիպման վերաբերյալ, անգամ հրաժարվեցին հաստատել հանդիպման մասին տեղեկությունը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հանդիպումը չի դիտարկում Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների համատեքստում, սակայն դրա մեջ քաղաքական որոշակի ուղերձներ է նկատում․ - «Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս իր այսօրվա կարգավիճակով, դարձել է գրեթե բոլոր ներքին և արտաքին քաղաքական սուբյեկտների համար օգտագործելի խաղաթուղթ, և ինքն էլ փորձում է այդ հանգամանքը դարձնել իր պաշտպանության միջոց: Այս տեսանկյունից մենք գործ ունենք արդեն ամիսներ ձգվող մի իրավիճակի հետ: Եթե սա համադրում ենք հայ-ռուսական հարաբերության հետ, ապա նաև շատ հստակ է, երևանյան այցն էլ դա ցույց տվեց, որ այստեղ հայ-ռուսական հարաբերությունը ամենևին պայմանավորված չէ Քոչարյանով՝ որքան էլ որ փորձ է արվում ներկայացնել, թե դա այդպես է»:

Ավելի ուշ նաև Կրեմլից ռուսաստանյան լրատվամիջոցների հաստատեցին, որ Վլադիմիր Պուտնինը Երևանում հանդիպել է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կոնջը:

XS
SM
MD
LG