Մատչելիության հղումներ

Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ «Գազպրոմ Արմենիան» ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնի


Արդյոք գազի գինը կբարձրանա՞, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը դեռ հստակ պատասխան չունի։ Գարեգին Բաղրամյանն ասում է, թեև իրենք «Գազպրոմ Արմենիա»-ից դեռ նման հայտ չեն ստացել, բայց հնարավոր է ապրիլից հետո ընկերությունը դիմի հանձնաժողով։

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա»-ից «Ազատությանը» հայտնել էին՝ մտադիր են գազի գնի վերանայման համար դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այդ մասով դեռ քննարկումներ են անցկացնում։

Թե որքա՞ն է ցանկանում «Գազպրոմ Արմենիա»-ն բարձրացնել սպառողներին մատակարարվող գազի գինը, դեռ հայտնի չէ։

«Սպառիչ պատասխանը կլինի միայն այն ժամանակ, երբ փաստացի կունենաք հայտ և կուսումնասիրենք, էտեղ կլինի, թե ինչ թվային մեծություն են առաջարկում ու ինչ ենք ստանում», - ասաց Բաղրամյանը։

Սահմանին գազի գինը 15 դոլարով բարձրացել էր 2019-ի հունվարի 1-ից, երբ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը. այդ տարիների ընթացքում հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 150 դոլար։ Չնայած բարձրացմանը, սպառողները շարունակեցին վճարել այնքան, ինչ նախորդ տարիներին։ Անցած տարի իշխանությունները պարզաբանեցին՝ գազի գինը սպառողների համար նույնն է մնում՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին։

Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար 1000 խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

«15 դոլարի կոմպենսացիան էլ «Գազպրոմ»-ն այլևս ի վիճակի չէ անել։ Այսինքն՝ գործող սակագների մասով փաստորեն շուրջ 30 դոլարի ավելացման խնդիր է։ Ֆինանսական իր կարողությունները 30 դոլարով ավելի շատ են ծախսվելու և գործող սակագները էդքանով են բավարարում», - նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Գարեգին Բաղրամյանը պարզաբանում է՝ դա չի նշանակում, որ հենց 30 դոլարով էլ թանկացում է սպասվում։

«Տարվա ընթացքում, որ բանակցում ենք, բանակցվում են, ինչպես օպտիմալացման խնդիրներն ընկերության, ինչպես ծախսերի հնարավոր կրճատման խնդիրները, բանակցվում է այն երկարաժամկետ՝ մինչև 30 թվականի գազափոխադրման համակարգի կապիտալ ներդրումների ծրագիրը, որը շուրջ 500 միլիոն դոլար է։ Այս ամեն ինչը կոմպլեքս բանակցվում է և, կարծում եմ, մինչև ապրիլի 1 էդ բանակցությունները կավարտենք», - ընդգծեց Բաղրամյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասում է, եթե գազը թանկանա, ապա դրան կհաջորդի էլեկետրաէներգիայի թանկացումը, բայց պաշտոնյան պարզաբանում է՝ էլեկտրաէներգիայի թանկացումը կախված է գազի գնի թանկացման չափից։

«Էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք աշխատում են գազով, այսինքն՝ եթե գազի գնի փոփոխություն եղավ, այդ ջերմային Էլեկտրակայաններում հոսանքի արտադրման ինքնարժեքի բարձրացում տեղի կունենա, և ինքն էլ պետք է արտացոլվի նաև ընդհանուր վերջնական սպառողի սակագնում», - ասաց Վարդանյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այսօր, ի դեպ, հայտարարեց, թե Հայաստանը ռուսական կողմի հետ քննարկում է տասը տարվա կտրվածքով գազի գնագոյացման մեխանիզմների ամրագրման շուրջ։

XS
SM
MD
LG