Մատչելիության հղումներ

Այսօր արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, արխիվ

Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին «Նաիրի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում գտնվող, ծանր հոդվածներով մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին, առանձնազրույց ունեցել նրա և նրա փաստաբանների հետ:

Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո և ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դեռ նախորդ տարվա նոյեմբերի 26-ի դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ դեռ 2 օր առաջ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել էր, իսկ երեկ արդեն նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

XS
SM
MD
LG