Մատչելիության հղումներ

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանի հետ վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմ են գործարկել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Երեկ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միջուկային համաձայնագրի առնչությամբ Իրանի հետ վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմ են գործարկել:

Երեք պետությունների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ այլ ելք չունեն այն բանից հետո, երբ Թեհրանը պաշտոնապես հրաժարվեց համաձայնագրով ստանձնած պարտավորություններից:

Բորիս Ջոնսոնը, Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը նշել են, որ համաձայն չեն Իրանի գործողությունների հետ, ինչը կարող է հանգեցնել «անդառնալի հետևանքների»:

Միևնույն ժամանակ, եվրոպական առաջնորդները շեշտել են , որ իրենց գործողությունների նպատակը միջուկային գործարքը «փրկելն է» և ոչ թե այն վերջապես «թաղելը»:

Եվրոպական երկրների բողոքները Իրանի վերաբերյալ այժմ կքննարկի Համատեղ հանձնաժողովը, որին անդամակցում են 2015 թվականի միջուկային համաձայնագիրը կնքած երկրների ներկայացուցիչները՝ բացառությամբ Միացյալ Նահանգների, որը, հիշեցնենք 2018-ի մայիսին միակողմանիորեն դուրս է եկել այդ պայմանագրից: Եթե քննարկման արդյունքները բավարար չլինեն, համաձայնագրի մասնակից երկրները կկարողանան պաշտոնապես վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:

XS
SM
MD
LG