Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինական Boeing-ը խոցել է Իրանը՝ սխալմամբ․ արևմտյան մամուլ


Իրան - Կործանված Boeing-ի շարժիչներից մեկը, 8-ը հունվարի, 2020թ․

Միացյալ Նահանգների պաշտոնյաները կարծում են, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման պատճառը իրանական հրթիռն է, որն օդանավը խոցել է սխալմամբ, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։

Երեկ վաղ առավոտյան Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով, հիշեցնենք, 176 մարդ է զոհվել։ Որպես վթարի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Իրանի կողմից Իրաքի տարածքում ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերի հրթիռակոծումից ժամեր անց։

Ամերիկացի անանուն պաշտոնյաները, հիմնվելով արբանյակային, ռադիոտեղորոշման և էլեկտրոնային տվյալների վրա, վստահություն են հայտնել, թե Boeing-ը պատահմամբ խոցել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, փոխանցում է ամերիկյան մամուլը։

Newsweek-ը վկայակոչել է Պենտագոնի, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների, ինչպես նաև Իրաքի հետախուզության պաշտոնյայի, որոնք համոզմունք են հայտնել, թե օդանավը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով։ CBS News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդում է, թե արբանյակը հայտնաբերել է երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր բռնկումներ, որոնց հաջորդել է պայթյունի բռնկումը։

Պենտագոնը զերծ է մնացել պաշտոնական մեկնաբանություններից։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «կասկածներ» ունի ավիաաղետի առնչությամբ, ընդգծելով, որ այն տեղի է ունեցել «բավական կոշտ միջավայրում», և «մեկնումեկը կարող էր սխալ թույլ տալ»։ «Ինչ-որ շատ սարսափելի բան է տեղի ունեցել», - նշել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Օլեքսի Դանիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում են հրթիռի հնարավոր հարվածի վարկածը։

XS
SM
MD
LG