Մատչելիության հղումներ

ՀՖՖ փոխնախագահի խոսքով՝ պայմանավորված խաղերի դեմ պայքարն ուժեղացնելու են


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, 9 հունվարի, 2020թ.
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, 9 հունվարի, 2020թ.

Պայմանավորված խաղ հայկական ֆուտբոլում. նորաստեղծ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստները դիտավարությամբ կանխորոշել են 2019-ի սեպտեմբերին կայացած Հայաստանի առաջին խմբի երկրորդ լիգայի «Տորպեդո»-«Մասիս» հանդիպման ելքը: Այն ավարտվել է «Տորպեդոյի» 3։0 հաշվով հաղթանակով։ Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդրացիային գրությամբ հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը:

Այսպես, ԱԱԾ-ն պարզել է՝ 2019-2020 մրցաշրջանից առաջ հիմնադրված «Մասիս» ակումբը փաստացի ղեկավարել է Լատվիայի քաղաքացի՝ ֆուտբոլիստ Կիրիլս Գրիգորովսը: Նա թիմի խաղացողներ Ալեքսեյ Կուչինին և Ռենան Հեկտոր Ալվես Սալդանահին առաջարկել է կաշառք և համաձայնության գալով Կուչինի հետ՝ խաղի ընթացքում հրահանգել է, որ թիմը 2 գոլից ավելի բաց թողնի: Խաղի վերջին րոպեներին «Մասիսի» ֆուտբոլիստներից մեկը գնդակն ուղարկել է սեփական դարպասը, քիչ անց էլ այս ակումբի դարպասին 11 մետրանոց հարված է նշանակվել, որն էլ «Տորպեդոն» անվրեպ է իրացրել։

Ըստ ԱԱԾ-ի՝ ռուսաստանցի 22-ամյա ֆուտբոլիստ Կուչինը, որի մասին անգամ ֆուտբոլային ամենահայտնի տեղեկատուներից մեկում՝ Transfermarket-ում, որևէ տեղեկություն չկա, իր գործողություններով կանխորոշել է խաղի ելքը: Գրիգորովսն ու Կուչինը քրեական գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել, նրանց հայտնաբերելու համար հետախուզում է հայտարարվել։

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը պայմանավորված խաղերը ֆուտբոլի համար չարիք է որակում և հավելում՝ ֆեդերացիան մշտապես է պայքարել պայմանավորված խաղերի դեմ. - «Հիմա, կարծում եմ, կրկնակի, եռակի այդ պայքարը կուժեղանա, որովհետև այո, մենք ունենք տեղեկություններ նման խաղերի մասին, այդ տեղեկությունները նոր չեն: Ֆեդերացիան երկար ժամանակ պայքարել է, փորձել է վեր հանել այդ պայմանավորված խաղերի հետ կապված բոլոր փաստերը, որոնք նաև ՈւԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում են: Այդ փաստերը մենք, բնականաբար, նաև տալիս ենք իրավապահ մարմիններին, մնացածն արդեն իրենց հետ ենք աշխատում: Դեռևս մի քանի նման գործեր կան, որոնց մասին առայժմ չենք խոսի: Երբ իրավապահ համակարգը կավարտի գործունեությունը, նոր կլինի ընդհանուր առմամբ բոլոր խաղերի ամփոփում», - ասաց նա:

«Մասիս» ակումբը փաստացի ղեկավարած Կիրիլս Գրիգորովսը, ըստ լրագրողական հետաքննություններ անցկացնող The black sea-ի (Football leaks), կապված է չինացի ֆուտբոլային գործակալ Էրիկ Մաոյի հետ, որն, ըստ լայնածավալ հետաքննության, պայմանավորված խաղեր է կազմակերպել տարբեր երկրներում։

27-ամյա Գրիգորովսը 2018-ին հայտնվել էր «Երևան» ակումբում, որն այժմ հանդես է գալիս բարձրագույն խմբում, տարվա ավարտին էլ լքել էր թիմը։

ՀՖՖ փոխնախագահի խոսքով՝ պայմանավորված խաղերը կանխելու մեխանիզմներ կան և գործում են ողջ աշխարհում, և նոր հեծանիվ հորինել պետք չէ. - «Ինչքանով է դա էֆեկտիվ, դա նույնն է, որ կարողանաս գողությունը կամ հանցագործությունը վերացնես: Քանի մարդը կա, դա պիտի լինի, ուղղակի մենք շատ ավելի խիստ ենք պայքարելու: Մեխանիզմները կան, դա նորություն չի, մեխանիզմներից մեկը կլինի, որ մենք լիցենզավորման համակարգը նոր թիմերի շատ ավելի կխստացնենք այս տարվանից, որովհետև անցյալ տարի եղավ որոշակի լիբերալ մոտեցում, որովհետև այդ թիմերի քանակը շատ մեծ էր, մենք շատ ավելի խստացնելու ենք լիցենզավորումը թիմերի», - հայտարարեց նա:

XS
SM
MD
LG