Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է բուքմեյքերական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպք։
Պարզվել է, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը։
Մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։