2019-20 մրցաշրջանից առաջ հիմնադրված, առաջին խմբում հանդես եկող «Մասիս» ֆուտբոլային ակումբի որոշ ֆուտբոլիստներ կասկածվում են նախնական համաձայնությամբ խաղադրույքների միջոցով հանդիպումների ելքը կանխորոշելու մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել, որն այժմ նախաքննության փուլում է: Ակումբի գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանը, որը նշանակվել է պաշտոնում քրգործի հարուցումից հետո, չի հերքում, որ այդպիսի բան է եղել, ավելին, ասում է՝ իրենք են շահագրգռված, որ ամեն ինչ շուտ բացահայտվի․ - «Մինչ ինձ է եղել: Իրանք են դիմել ֆեդերացիա, դրա հիման վրա է էս ամեն ինչը եղել: Ակումբը շահագրգրված է, որ շուտ բացահայտեն, ու պատրաստ է համագործակցել»:
Ակումբից հեռացված ֆուտբոլիստ արդեն կա՝ գործադիր տնօրենի խոսքով, հավանաբար հենց այս պատմության պատճառով: Հստակ չի կարող ասել, բայց վստահեցնում է, որ սկանդալի մեջ հայազգի ֆուտբոլիստներ թաթախված չեն․ - «Դա բացառված է: Հարյուր տոկոս»:
Ամիսներ առաջ հիմնված ակումբը Պետռեգիստրում գրանցված է որպես ՍՊԸ, մինչդեռ հայկական ակումբների մեծամասնությունը հասարակական կազմակերպության գրանցում ունի։ «Մասիս»-ն իր տնային հանդիպումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզադաշտում, մարզվում է Մասիսում՝ վարձակալելով այս անբարեկարգ դաշտը։
Արտակ Մելիքյանի պնդմամբ, քրեական գործն իրենց գործունեությանը չի խանգարի, կշարունակեն առաջին խմբի առաջնությունը: «Մասիս»-ը մեկնարկային 9 տուրերից հետո վաստակել է ընդամենը 4 միավոր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չցանկացավ մեկնաբանություն տալ: Ասացին, որ հետևում են իրավական գործընթացին, նախաքննությունը ցույց կտա: