Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահին հղված հեռագրում ասված է.
«Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»:
Իրանի նախագահին հղված հեռագրում ասված է. - «Ցավով տեղեկացա հունվարի 8-ին Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի մասին, որը տասնյակ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»:
Boeing-737-ը կործանվել է երեկ վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից թռիչք կատարելիս։ Օդանավի 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները զոհվել են։ Որպես ավիաաղետի պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը։