Մատչելիության հղումներ

Մարուքյանի խոսքով՝ 2019-ին ԼՀԿ-ն որպես ընդդիմություն ընկալվելու խնդիր ուներ


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ 2019 թվականին իրենք որպես ընդդիմություն ընկալված լինելու խնդիր ունեին։

«Մարդիկ ասում են՝ լավ, հեղափոխություն է եղել, ինչի՞ է պետք ընդդիմություն։ Բայց ուզում եմ ձեզ բացատրել և տեղեկացնել հետևյալը՝ որ ընդդիմության գործը իշխանությանը հսկելն է և իշխանության գործունեությանը հետևողական դիտարկում իրականացնելը։ Օրինակ, պատկերացնենք՝ ինչ-որ սխալ է տեղի ունեցել, ի՞նչ եք կարծում, դրա մասին եթե լռում է իշխանությունը, ո՞վ պետք է խոսի, եթե ոչ մենք», - ընդգծում է Մարուքյանը։

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում պատգամավորը խոստովանում է՝ իրենց շատերը դիմում են իշխանությունների հետ լինելու, կողքին կանգնելու կոչերով։ «Ո՞նց կարելի է քաղաքականությունը կենցաղային մակարդակում քննարկել, օրինակ՝ մարդը մարդու կողքին կանգնել։ Քաղաքականության մեջ քաղաքական ուժերը ունեն բանաձևեր, ծրագրեր, նպատակներ և դրանից բխող գործողություններ են իրականացնում։ Էս է», - նշում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ «Ելք» խմբակցության կազմում եղած Մարուքյանի գնահատմամբ՝ եթե իրենք իշխանությունների սխալների մասին չխոսեն, իսկ դրանց մասին բարձրաձայնեն նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանց չեն լսի։ Պատգամավորն ասում է՝ ժողովուրդը «Աշոտյանների՞ն» է որպես ընդդիմություն ցանկանում տեսնել, թե՞ իրենց. - «Ես կարծում եմ՝ ժողովուրդը էդ որոշումը կայացրել է դեռևս դեկտեմբերի 9-ին [2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը] և որոշել է, որ ընդդիմություն որպես ընտրել է մեզ։ Եթե այդպես չլիներ, կընտրեին ՀՀԿ-ին, հիմա Հանրապետականը կլիներ ընդդիմությունը, օրինակ, խորհրդարանում»։

Իսկ 2020-ն ինչպիսի՞ն կլինի։ «Մենք ակնկալում ենք, որ 20 թվականին որ նախարարը որտեղ սխալ թույլ տվեց, հանկարծ ինչ-որ կոռուպցիոն սխեմայի մեջ մտավ, մենք պետք է դա բարձրաձայնենք և շատ սուր քննադատենք և ձեզ իրազեկենք։ Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը էդ հարցում, որպեսզի ավելի լավ լինի։ Ինչ խոստում որ տրվեց՝ չկատարվեց, դրան էլ հետևողական ենք լինելու», - հայտարարում է Էդմոն Մարուքյանը։

XS
SM
MD
LG