Մատչելիության հղումներ

«Մենք քաղաքական դիակներ ծեծող չենք»․ Մարուքյանը հակադարձում է Բաբաջանյանին


«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Երևան, 16-ը դեկտեմբերի, 2019թ․

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում անդրադառնալով իր ղեկավարած խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանի հայտարարությանը, որ ռևանշիստները պետք է հարվածներ ստանան ոչ միայն իշխանությունից, այլև խորհրդարանական ընդդիմությունից, ասաց․ - «Մենք քաղաքական դիակներ ծեծող չենք»:

«Ռևանշիստներն ովքե՞ր են, կամ ի՞նչ հարվածներ պետք է ստանան: Մենք, կներեք, քաղաքական դիակ ծեծող չենք: Որևէ մեկը, որը որ քաղաքական գործոն իրենից չի ներկայացնում, բայց պոպուլյար է դրան քրֆելը, մենք չենք համարում, որ մենք պետք է մեր էներգիան դրա վրա ծախսենք և ֆեյք պոպուլիզմով ձեռք բերենք կեղծ ռեյտինգ: Դա փուչիկ է», - շեշտեց Մարուքյանը:

Ռևանշիստներին հարվածներ տալու հայտարարությունը Բաբաջանյանն արել էր «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով վարչապետի խոսքին, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Պատգամավորն ընդգծել էր, որ իշխանությունից բացի նաև խորհրդարանական ընդդիմությունը պետք է փոխզսպի ու հակակշռի, որպեսզի «նախկինի ռևանշիստական ուժերի» կողմից հեղափոխության կամ ապագայի օրակարգին հարված հասցնելու փորձերը համապատասխան հարված ստանան:

Ֆեյսբուքյան ասուլիսի եթերում օգտատերերից մեկը Էդմոն Մարուքյանին հարցրել էր․ - «Արման Բաբաջանյանն ասում է, որ գոհ չէ ներկայիս պառլամենտական ընդդիմությունից, Դուք գո՞հ եք»:

Մարուքյանը հակադարձեց․ - «Երբ մարդն ընդդիմադիր լինելով՝ իշխանությանն է գովում, ասում՝ «գոհ չեմ ընդդիմադիր դաշտից», ես դա լավ չեմ հասկանում»:

«Էն մարդիկ, ովքեր պնդում են, որ խորհրդարանում չկա ընդդիմություն, նրանք աջակցում են ուղղակիորեն Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Որովհետև նրանք են պնդում, որ, այ, խորհրդարանը պետք է ցրել, որովհետև ամբողջ դաշտը չի ներկայացնում, որ իրենք կարողանան նորից մասնակցել», - նշեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը: Հարցին՝ ի նկատի ունի Արման Բաբաջանյանի՞ն, նա արձագանքեց․ - «Բոլորը, ովքեր պնդում են»:

«Հիմա ի՞նչ են ասում, ասում են՝ արտախորհրդարանական ուժերը կան, այ, խորհրդարանում ներկայացված չեն, բան, էդ ո՞ւր է տանում էդ թեման՝ էդ թեման տանում է պառլամենտը դելեգիտիմիզացնելուն: Դա աջակցում է նախկին իշխանություններին: Ճիշտ է, էսօր պոպուլյար է դա ասել՝ ավելի հզոր, չգիտեմ ինչ է պետք, և այլն, և այլն, սա, ըստ էության, իշխանության գրպանից ձայներ փախցնելու մի հատ մեթոդ է», - հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

XS
SM
MD
LG