Մատչելիության հղումներ

ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է՝ Խաժակյանը կշարունակի աշխատանքը Երևանի ավագանիում


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան, արխիվ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) կառավարման խորհուրդը որոշել է՝ Դավիթ Խաժակյանը կշարունակի մասնակցել Երևանի ավագանու աշխատանքներին: Այդ մասին հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր մասնակցության շարունակության և ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Անցած շաբաթվա ընթացքում այդ հանգամանքները ներկայացվեցին հանրությանը ԼՀԿ անդամների կողմից և դարձան հանրային լայն քննարկման առարկա», - մասնավորապես ասված է հայտարարությունում:

«Նկատի ունենալով հանրության արձագանքը Դավիթ Խաժակյանի մանդատի պահպանման վերաբերյալ և այն, որ «Լույս» դաշինքը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է, և յուրաքանչյուրն իրավասու է հանդես գալու իր նախընտրած հռետորաբանությամբ, ԼՀԿ կառավարման խորհուրդը գտնում է, որ բացված հրապարակային քննարկման արդյունքում այլևս պատասխանատվության շրջանակը հստակեցված է: «Լույս» խմբակցության անդամները հաձնառու են կատարելու դաշինքի ծրագիրը, սակայն առանձին նախաձեռնությունների և քաղաքական հռետորաբանության հարցում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն ազատ են իրենց մոտեցումներում, իսկ ավագանու խմբակցության յուրաքանչյուր անդամի համար քաղաքական պատասխանատվություն է կրում տվյալ քաղաքական միավորը», - հայտարարում է «Լուսավոր Հայաստան»-ի կառավարման խորհուրդը:

«Հիմնվելով վերոշարադրյալի վրա` ԼՀԿ կառավարման խորհուրդը որոշել է շարունակել իր մասնակցությունը Երևանի ավագանիում՝ ի դեմս Երևանի ավագանիում իր միակ անդամ Դավիթ Խաժակյանի։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ԼՀԿ կառավարման խորհուրդն ամբողջությամբ կիսում է Դավիթ Խաժակյանի գործունեությունը և այսուհետ ակնկալում ավելի կոշտ վերահսկողական գործունեություն հանուն Երևանի բնակիչների լավագույն շահերի», - ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG