Մատչելիության հղումներ

Գեներալ-մայոր Սալամին սպառնում է «հրկիզել» ամերիկյան թիրախները


Իրանի բնակիչները հրաժեշտ են տալիս գեներալ Քասեմ Սոլեյմանիին, Քեմրան, 7-ը հունվարի, 2019թ.

Իրանի Հեղափոխական գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին սպառնացել է ի պատասխան «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիի (Սուլեյանիի) սպանության՝ «հրկիզել» ամերիկյան թիրախները:

Այս սպառնալիքը Սալամին հնչեցրել է Սոլեյմանիի ծննդավայր Քերմանում, որտեղ պետք է հողին հանձնեն «Ալ Քոդսի» ղեկավարի դին:

Երեկ Սոլեյմանիին հրաժեշտ են տվել մայրաքաղաք Թեհրանում, ապա զինվորականները նրա դին օդանավով տեղափոխել են շիաների սրբավայր Ղոմ քաղաք, այնտեղից էլ՝ Քերման:

Ամերիկյան թիրախներին հարվածելու Հոսեյն Սալամիի՝ Քեմրանի կենտրոնական հրապարակում հնչեցրած կոչին ամբոխն արձագանքել է «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին» վանկարկումով: Մինչդեռ, Սոլեյմանիի հուղարկավորության արարողությունն ինքնին ողբերգության առիթ է դարձել՝ զանգվածային հրմշտոցի հետևանքով Քեմրանում այսօր զոհվել է առնվազն 40 մարդ, ավելի քան 200 սգավորներ ծանր վնասվածքներ են ստացել: Հնարավոր նոր մահացու հրմշտոցը կանխելու համար իշխանությունը գեներալի թաղումն անորոշ ժամանակով հետաձգել է:

Ամերիկացիները Բաղդադի միջազգային օդակայանի մոտակայքում հունվարի 3-ին անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով են հարվածել մեքենային, որը փոխադրել է Սոլեյմանիին և նրան ուղեկցող 4 զինվորականներին: Բոլորը տեղում զոհվել են, հրթիռի պայթյունից մեքենան ամբողջությամբ ավերվել ու հրկիզվել է, միայն ձեռքին մնացած խոշոր մատանիով են ճանաչել 62-ամյա Սոլեյմանիի դին:

Ամերիկացիները պնդում են, որ Սոլեյմանին ուղղակի սպառնալիք էր, և նրան անհրաժեշտ էր չեզոքացնել:

Չմանրամասնելով՝ Սպիտակ տունը հայտնել է, թե Սոլեյմանիի առաջնորդած «Ալ-Քոդս» ստորաբաժանումը ծրագրել է գրոհներ, որոնք պետք է իրականացվեին առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում, և դրանք կանխելու համար է նախագահ Դոնալդ Թրամփն արձակել դրոնի հրթիռով իրանցի բարձրաստիճան գեներալին ոչնչացնելու հրամանը:

Վաշինգտոնի և Թեհրանի առճակատումն արդեն տեղափոխվում է դիվանագիտական դաշտ: Միացյալ Նահանգները հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, ով մտադիր էր հունվարի 9-ին մասնակցել Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին:

«Նրանք վախենում են, որ մեկը կգա Ամերիկա և ճշմարտությունը կպատմի, բայց աշխարհը չի սահմանափակվում Նյու Յորքով, մենք կարող ենք նաև Թեհրանից խոսել Ամերիկայի ժողովրդի հետ և դա կանենք», - ասել է Զարիֆը:

«Սպանելով հպարտ նահատակ գեներալ Քասեմ Սոլեյմանիին՝ Ամերիկան վերջ է տալիս իր ապօրինի ներկայությանը Մերձավոր Արևելքում: Արժանապատիվ նահատակի թափված այրունն արդեն իր հետևանքն ունի՝ սա շատ կարևոր շրջադարձ է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար», - ասել է Զարիֆը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանն արգելափակել են Բաղդադում դեկտեմբերի 31-ին ԱՄՆ դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը դատապարտող Միացյալ Նահանգների առաջարկած բանաձևը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, թե, բնականաբար, դեմ է հարձակմանը որևէ դեսպանատան վրա, սակայն այդ միջադեպն անհնարին է տարանջատել Սոլեյմանիի սպանությունից, և եթե այն չի հիշատակվում, բանաձևը դառնում է անիմաստ:

Նրան երկրորդել է Չինաստանի մշտական ներկայացուցիչը. - «Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի որևէ առաքելություն, դա երևույթն ամբողջության մեջ ընկալելն է», - ասել է դեսպան Ժենգ Ջունը:

Երեկ միջազգային համայնքին խիստ անհանգստացրել է Իրանի 52 թիրախներին, այդ թվում մշակութային կենտրոններին հարկ եղած դեպքում հարվածելու Թրամփի հնչեցրած սպառնալիքը:

Երեկ միջազգային համայնքին խիստ անհանգստացրել է Իրանի 52 թիրախներին, այդ թվում՝ մշակութային կենտրոններին հարկ եղած դեպքում հարվածելու Թրամփի հնչեցրած սպառնալիքը: Երեկ իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հստակ հայտարարել է, որ ամերիկացիները ոչ մի դեպքում չեն հարվածի պատմամշակութային կենտրոններին: «Մենք խստորեն հետևելու ենք ռազմական կոնֆլիկտները կարգավորող միջազգային օրենքներին»,- հայտարարել է նախարարը:

Ռազմական գործողությունների իրականացումը կարգավորող միջազգայնորեն ճանաչված օրենքները բացառում են մշակութային օբյեկտների միտումնավոր ոչնչացումը և նման դեպքերը որակում են որպես պատերազմի հանցագործություն:

Իրանի խորհրդարանը՝ Մեջլիսն, այսօր քվեարկությամբ ընդունել է բանաձև, որով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, ճանաչվել է որպես «ահաբեկչական կազմակերպություն»:

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն էլ ներկայացրել է ամերիկացիներից վրեժ լուժելու 13 տարբերակ: Դրանց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ դեռ չկան:


XS
SM
MD
LG