Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք կներկայացնի Վճռաբեկ դատարան


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատական նիստը, 5-ը նոյեմբերի, 2019թ.

Երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն առաջիկայում Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի դեկտեմբերի 20-ին կայացրած որոշման դեմ։ Վերաքննիչը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը և առաջին ատյանի որոշումը՝ գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու մասին, թողել էր օրինական ուժի մեջ:

Փաստաբանները խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդության հիմքում դրել էին առաջին ատյանի դատավորի դեռ սեպտեմբերի 20-ի որոշումը, որով Աննա Դանիբեկյանն արձանագրել էր, որ դատախազության պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից, հիմնավոր չեն: Սակայն, նույն որոշմամբ Դանիբեկյանն արձանագրել էր նաև, որ պահպանվել է քննությանը խոչընդոտելու հիմքը, և ավելացրել, որ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս խափանման այլ միջոցով, օրինակ` գրավով չեզոքացնել խոչընդոտելու ռիսկը:

Սահմանադրական դատարանը Դանիբեկյանի այս որոշումից կարճ ժամանակ անց մեկ այլ գործով ամրագրել էր, որ հակասահմանադրական է մեկնաբանությունը, որ գրավը չի կարող կիրառվել խոչընդոտելու դեպքում: Սահմանադրական դատարանի հենց այս որոշումն էլ փաստաբանները դրել էին իրենց երկրորդ միջնորդության հիմքում ու պահանջում էին Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց: Դատավոր Դանիբեկյանը նոյեմբերի 7-ին կրկին մերժեց այս միջնորդությունը:

Վերաքննիչի դատավոր Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 20-ին որոշեց ուժի մեջ թողնել Աննա Դանիբեկյանի այս որոշումը՝ պատճառաբանական հատվածում գրելով.

«Սահմանադրական դատարանի որոշումը չի կանխորոշում և չի էլ կարող կանխորոշել, թե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կամ կոնկրետ նպատակին հասնելու համար խափանման միջոցի ինչ տեսակ վարույթն իրականացնող մարմինը պետք է կիրառի, այլ ընդհակառակը՝ Սահմանադրական դատարանի որոշումից բխում է, որ յուրաքանչյուր գործով կոնկրետ դեպքում դատարանը պետք է ունենա լայն հայեցողություն՝ որոշելու, թե արդյոք գրավն արդյունավետ միջոց է հետապնդվող նպատակներն իրագործելու համար»:

Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանը կաշկանդված չէ իր նախկին՝ սեպտեմբերի 20-ի և Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 15-ի որոշման դիրքորոշումներով և գործի քննության տվյալ պահի դրությամբ լիարժեք հնարավորություն ունի դատողություն անելու, թե խափանման միջոցի որ տեսակն է պիտանի ամբաստանյալի ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքներն արդյունավետ կերպով չեզոքացնելու համար:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն Աբգարյանի պատճառաբանությունը հիմնավոր չի համարում. - «Այն պատճառաբանությունը, որ ներկայացվում է, խայտառակ մեկնաբանություն էր, այսինքն՝ ստացվում է, որ նախկինում շատ մարդկանց համար այդ ինստիտուտը գործել է իր բոլոր թերություններով հանդերձ, այսինքն՝ գրավ կիրառվել է խոչընդոտելու հիմքի պարագայում: Հենց կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով այդ ինստիտուտը սկսեց հանկարծ չգործել, որն ակնհայտ խտրական վերաբերմունք է, պատճառաբանվի, որ այո, գրավն ընդհանրապես հնարավոր է կիրառել, բայց այս գործի վրա հնարավոր չի կիրառել, որովհետև նման ինչ-որ հանգամանքներ կան: Այդ որովհետևի շարունակությունը դատական ակտը չի պարունակում», - ասաց նա:

Վճռաբեկ ներկայացվելիք բողոքի հիմքերին փաստաբան Խուդոյանը դեռևս չի անդրադառնում, ասում է՝ աշխատանքային օրերի մեկնարկից հետո հայտարարություն կտարածեն և մանրամասները կփոխանցեն: Մինչ այդ դիմումը վերջնական տեսքի է բերվում։

Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատավարությունը առաջին ատյանում կշարունակվի հունվարի 9-ին: 2008-ի հետընտրական արյունալի դեպքերի քննությանը դատարանը այդպես էլ չի անդրադարձել, անցած ողջ տարում քննել է միայն Քոչարյանի փաստաբանների տարաբնույթ միջնորդնությունները:

Այս տարի ևս պաշտպանական կողմը պատրաստվում է ևս մեկ միջնորդություն ներկայացնել Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ այս անգամ անձնական երաշխավորության հիմքով, բայց փաստաբանները դեռևս չեն մանրամասնում, թե ովքեր են լինելու նման երաշխավորություն ներկայացնող անձինք: Ավելի վաղ փաստաբան Արամ Օրբելյանն ասել էր, որ հավանաբար այդ մարդիկ իրենք կհայտարարեն այդ մասին:

«Մի քանի հոգի են ցանկություն հայտնել, ավել ինֆորմացիա չեմ տալու, ես չասացի պաշտոնյա, ոչ պաշտոնյա, չասացի Արցախից, Հայաստանից և արտասահմանից: Քանի դեռ անձինք իրենք չեն եկել, չեն հայտնել ցանկություն, ես որևէ մեկնաբանում չեմ տալու այդ մասով», - ասել էր Օրբելյանը:

Նախորդ անգամ նման երաշխավորություն ներկայացրել էին Ղարաբաղի նախկին ու գործող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսին բավարարել էր այդ միջնորդությունը ու Քոչարյանին ազատ արձակել, բայց նախկին նախագահը ազատության մեջ մնաց մոտ 1 ամիս, որից հետո՝ հունիսի 25-ին, Վերաքննիչ դատարանը բեկանեց Գրիգորյանի որոշումը, և նա կրկին կալանավորվեց:

XS
SM
MD
LG