Այսօր Պաշտպանության բանակի զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
Նախարարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են դիրքապահների տրամադրությանը, խոսել նրանց հետաքրքրող հարցերի մասին, կարևորել բարդ բնակլիմայական պայմաններում հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկների ծառայությունը: Տոնոյանը և Աբրահամյանը շնորհակալություն են հայտնել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները խաղաղ նշելու հնարավորությունն ապահովելու համար և անձնակազմին խրախուսել արժեքավոր նվերներով:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ շրջայցի ընթացքում Դավիթ Տոնոյանն ու Կարեն Աբրահամյանն այցելել են կենտրոնական ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկը և անձնակազմի հետ մասնակցել տոնական ընթրիքի: