Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնում ակտիվիստների մի փոքրաթիվ խումբ բողոքի ակցիա է անցկացնում և դատապարտում է Բելառուսի և Ռուսաստանի առավել սերտ ինտեգրման գաղափարը:
ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցում է մի քանի տասնյակ մարդ: Նրանց թվում են ընդդիմության ակտիվիստները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն, ովքեր դեմ են Մինսկի և Մոսկվայի ինտեգրման փաստաթղթերի ստորագրմանը:
«Մենք պահանջում ենք հրապարակել այսպես կոչված ճանապարհային քարտեզները», - հայտարարել է Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Վյաչեսլավ Սիվչիկը:
ՏԱՍՍ-ը նշում է, որ ի տարբերություն այսօրվա ցույցին՝ դեկտեմբերի 7-ին, 8-ին, 20-ին և 21-ին նույն կարգախոսներով տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:
Այսօրվա ակցիայի կազմակերպիչների փոխանցմամբ՝ մասնակիցների փոքր թիվը բացատրվում է վերջերս Բելառուսում տասնյակ ակտիվիստների, այդ թվում՝ ակցիայի նախաձեռնող Պավել Սևերինեցին, ձերբակալելու և նրանց նկատմամբ վարչական պատիժներ սահմանելու հանգամանքով:
Իրավապահներն այսօրվա ակցիային դեռ չեն միջամտել: Այսօր ակտիվիստները մտադիր են ցույցից հետո բողոքի երթով անցնել Մինսկի կենտրոնական պողոտայով: