Աֆղանստանի հյուսիսում գտնվող Թախարի շրջանում թալիբների գրոհի հետևանքով սպանվել է 17 ոստիկան: Թախարի շրջանի ղեկավարները հայտնել են, որ հարձակման թիրախը տեղի ոստիկանության ջոկատի հրամանատարն էր, որը չի սպանվել: Շրջանը գրոհից հետո մնացել է պետական բանակի հսկողության տակ:
Թալիբները պատասխանատվություն են ստանձնել այդ գրոհի համար, ինչի մասին հայտնել է այդ զինյալների շարժման խոսնակ Զաբիհուլահ Մուջահիդը:
Երեկ թալիբները Հելմանդի շրջանում են իրականացրել գրոհ, որի հետևանքով Աֆղանստանի բանակի 10 զինվոր է զոհվել:
Թալիբները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում՝ թիրախավորելով Աֆղանստանի կառավարության պաշտոնյաներին, բանակի զինվորներին և Աֆղանստանում տեղակայված ամերիկացի զինծառայողներին՝ չնայած այն հանգամանքին, որ շարժումը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի միջնորդների հետ երկրում խաղաղություն հաստատելու շուրջ: