Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ը 2020-ին հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն


«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուգասզյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուգասզյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Սասնա ծռերը» հայտարարում են՝ ավարտվում է գործող իշխանություններին աջակցողի իրենց դերակատարությունը, և գալիք 2020-ից հանդես են գալու իբրև արմատական ընդդիմություն՝ օրակարգում ունենալով արտահերթ ընտրությունների անցկացումն ու իրական «սպիտակների» բևեռ ստեղծելու ծրագիրը։

«Ծռերի» համոզմամբ՝ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն, հետևաբար, ինչպես նշված է կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ, ժամանակն է, որ «իրեն սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունը ունենա իրական այլընտրանք»։

Հարցին, թե արդյո՞ք կարծում են, որ ներկայիս իշխանությունը ոչ թե «սպիտակների», այլ «սևերի» դաշտում է գործում, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանն արձագանքեց, թե արդեն իսկ գունափոխում է տեղի ունենում։

«Սևի դաշտից չէ, բայց գորշանում է ակամա։ Կեղծ այլընտրանքով սպիտակ ուժը չի կարող սպիտակ մնալ։ Դրա համար, պետք է լինի իրական այլընտրանք, իրական բևեռ, իրական արժեքների վրա իրական նպատակների համար պայքարող բևեռ։ Եթե մենք և մեր նմանները շարունակեն լինել օգնողի, այսպես ասած, դերում, ապա, հաշվի առնելով, որ գործող իշխանությունը սխալ ճանապարհով է գնում և գնում է, կարճ ասած, դեպի կործանում, ապա մենք մեր լրացուցիչ քաշով և արագությամբ նրան լրացուցիչ արագացում և իներցիա կհաղորդենք և կարագացնենք կործանումը։ Դրա համար մենք պետք է արդեն այդ կործանման արգելակի նաև դերում հանդես գանք», - հայտարարեց Ավետիսյանը։

«Կեղեքիչ, կիսագաղութային համակարգը վերականգնվում է», - պնդեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչը՝ շարունակելով. - «Արդեն պարոն վարչապետը վստահում է ԱԱԾ-ին՝ սա ահազանգի ազդանշան է»։

Հարցին, թե կոնկրետ ո՞ր ուժերի հետ են «Սասնա ծռերը» նախատեսում իրական այլընտրանքային բևեռ ձևավորվել, որոնց հետ միասին նաև հետագայում պետք է արտահերթ ընտրություններից առաջ ազգային համաձայնության կառավարություն ստեղծեն, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց, թե անուններ տալ չեն ուզում, բայց խոսքը վերջին տարիներին ռեժիմի դեմ պայքարած ուժերի և անհատների մասին է։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա կոնկրետ ժամկետ դրա համար «Ծռերը» չեն ծրագրում։ «Մենք չենք ծրագրում արտահերթ ընտրությունները ամսով, օրով, բնականաբար դա լուրջ չէր լինի։ Մենք ծրագրում ենք ձևավորել այն ազգային ժողովրդավարական բևեռը, որը <...> կպահանջի և հարկ եղած դեպքում նաև ժողովրդի կամքի ազդեցությամբ կհարուցի այդպիսի որոշում», - ասաց Ավետիսյանը։

«Սասնա ծռերից» Գարեգին Չուգասզյանի համոզմամբ՝ հեղափոխությունից հետո այդպես էլ մեկուկես տարվա ընթացքում համակարգային փոփոխություններ տեղի չունեցան։ Խոսքը, ընդգծեց նա, ինչ-որ մարդկանց բռնել-չբռնելու մասին չէ, այլ անցումային արդարադատություն կիրառելու, լյուստրացիա իրականացնելու մասին է, ինչն այդպես էլ չարվեց։ Ըստ «Սասնա ծռերի»՝ մինչև օրս իշխանությունը չի ասել, որ պետությունը զավթված է եղել։

«Մերձբալթիկայի երկրները, չէ՞, կամ Արևելյան Եվրոպայի երկրները, իրենք ի՞նչ արեցին՝ լյուստրացիա արեցին։ Նախ գործակալական լյուստրացիա տեղի ունեցավ, ընդ որում՝ և տնտեսական նաև մեր պարագայում պետք է լյուստրացիա լինի, որովհետև էն մարդիկ, ովքեր էս ընթացքում գերշահույթներ են ունեցել, ժողովրդի հաշվին են ունեցել», - հայտարարեց Չուգասզյանը՝ հավելելով. - «Վերջապես, մենք խոսում ենք, Հայաստանից, էդ թվերը բոլորը գիտեն, տասնյակ միլիարդավոր դոլարների արտահոսք է տեղի ունեցել։ Էդ ամբողջ միջոցների ընդամենը փոքրիկ մասն է վերադարձ եղել պետություն։ Որպեսզի դա իրականացվի, էդ ապօրինի սեփականության հարցը պետք է որոշակի մեխանիզմներով արագ ընթացք անի»։

«Տեսեք, մենք տեսնում ենք, չէ՞, որ, ասենք, որոշվում է Ուզունյանի պարագայում՝ Ուզունյանը հանգիստ դուրս է գալի։ Նշանակում է՝ էն մարմինները, որոնցով պետք է իրականացվի, նախ նրանք պիտի մաքրվեն։ Եթե էդ մարմինները մենք չենք մաքրվում, էդ մեր գործիքները՝ հեղափոխությունը, էսպես, անցումային արդարադատությունը իրականացնելու, բութ կլինեն», - նաև ասաց Գարեգին Չուգասզյանը։

Ի դեպ, «Սասնա ծռերը» Նոր տարի կդիմավորեն ոչ թե Երևանի Հանրապետության հրապարակում, այլ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ. այնտեղ են պահվում 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

«Մեր շարժման ղեկավար կազմը՝ քարտուղարության անդամները, Ամանորը դիմավորելու են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, որովհետև մեր ընկերները դեռ ռազմագերի և քաղբանտարկյալ են՝ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը։ Այդ առումով ծնծղաների ժամանակ չէ. մենք լինելու ենք այնտեղ», - ասաց Վարուժան Ավետիսյանը։

XS
SM
MD
LG