Մատչելիության հղումներ

Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ․ նախկին դատավորին կարող են ազատազրկել


Այժմ նախկին դատավոր Սամվել Ուզունյան, արխիվ
Այժմ նախկին դատավոր Սամվել Ուզունյան, արխիվ

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ՝ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:

Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է: Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

65-ամյա նախկին դատավորը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է՝ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալով՝ նախկին դատավորը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը:

Ըստ Դատախազության՝ նախնական քննության ընթացքում հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը 2014 թվականին քաղաքացիական գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդել, իսկ մյուս դեպքում՝ դեռ 2007-ին տեղի ունեցած հանցագործության քննության ժամանակ տուժողի օգտին գործողություններ է կատարել և իր պաշտոնաեական դիրքն օգտագործել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելու համար: Իր այս գործողությունների համար, ըստ Դատախազության, այժմ նախկին դատավորը քաղաքացիներից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13 հազար դոլարին, մյուս դեպքում՝ 38 հազար դոլարին համարժեք դրամի կաշառք:

Երեկ էլ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) միաձայն որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության երկու միջնորդություններն էլ՝ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն է տվել, ինչպես նաև համաձայնություն է տվել նախկին դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ասաց՝ Դատախազության երկու միջնորդություններին էլ կողմ են քվեարկել՝ հիմքերը համարելով բավարար․ - «Դատախազության հիմքերը համարել ենք բավարար, որպեսզի տանք մեր համաձայնությունը, որպեսզի տվյալ դեպքում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, և ազատությունից զրկելու հարցը տարվի դատարան»:

«Ես կողմ եմ քվեարկել, որպեսզի բավարարվի, որովհետև Գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը ինձ բերել են այն ներքին համոզման, որ տվյալ դեպքում քրեական հետապնդում պետք է հարուցվի, որը ամենևին չի նշանակում, որ դատավորը արդեն իսկ մեղավոր է, սակայն կան առերևույթ հիմքեր, ուրեմն, թույլատրելու, որպեսզի նախաքննության մարմինները իրականացնեն քրեական հետապնդում և այդ քրեական հետապնդման շրջանակներում արդեն <...> կա՛մ հիմնավորեն դատավորի մեղքը, կա՛մ անմեղությունը հիմնավորվի», - նշեց Հովհաննիսյանը:

Սամվել Ուզունյանը 2016-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր, այնուհետև նույն այդ ժամանակաշրջանում տեղափոխվել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշանակվելով դատավոր: Ուզունյանը 2018-ից այլևս դատավոր չէ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարզաբանեց, թե ինչու է Դատախազությունն արդեն նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար դիմել իրենց․ այս հարցն առնչություն ունի Ուզունյանի՝ որպես դատավոր գործունեությանը:

«Սրա հետ կապված՝ Բարձրագույն դատական խորհուրդը առաջնորդվեց 2011 թվականի Վճռաբեկ դատարանի նախադեպով, որը Վճռաբեկ դատարանը տվել էր նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի գործով, և, ուրեմն, գտավ, որ այդ նախադեպը կիրառելի է, և նույնիսկ լիազորությունները դադարած կամ դադարեցված դատավորի դեպքում, այն ժամանակ, երբ որ խոսքը գնում է գործառութային անկախության, այսինքն՝ դատավորի պաշտոնից բխող, դատավորի գործունեությունից բխող հանցագործության մասին է եթե խոսքը, եթե դրա մեջ է մեղադրվում դատավորը, իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած գործունեության ընթացքում, ապա այս դեպքում ևս քրեական հետապնդում իրականացնող մարմինը չի կարող ուղղակիորեն գնալ և պաշտոնաթող դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը տանել ընդհանուր իրավասության դատարան և քրեական հետապնդում սկսել, այլ նույնպես պետք է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ դա արվի», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով․ - «Դրա նպատակը նա է, որպեսզի ապահովենք դատավորների գործառութային անկախությունը»:

ԲԴԽ անդամը պնդում է՝ երեկ իրեն վերաբերող հարցի քննությանը Ուզունյանը չէր մասնակցում, թեև պատշաճ ծանուցված էր: «Նա խորհրդի նիստից կարծեմ մի քանի ժամ առաջ Երևանում է եղել, որովհետև նրան առձեռն հանձնվել է ծանուցումը նիստին ներկայանալու մասին», - փոխանցեց Հայկ Հովհաննիսյանը:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Սամվել Ուզունյանին առնչվող գործով կատարվում է նախաքննություն:

XS
SM
MD
LG