Մատչելիության հղումներ

Սիմոնյանը «շատ հանգիստ» է ընդունում քաղաքական պայքարի նոր փուլի մասին Քոչարյանի հայտարարությունը


ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

«Քաղաքականության մեջ մտնելու և քաղաքականությամբ զբաղվելու նման ֆալշստարտեր էլի են եղել», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով քաղաքական պայքարի նոր փուլի մասին Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությունը։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դիմելով աջակիցներին, ընթերցել էր հոր ուղերձը, որտեղ ասվում է, թե քաղաքական պայքարի նոր փուլ է սկսվում։

«Դուք հիշում եք հավաքը, երբ որ պարոն Քոչարյանը մասնակցում էր, էդտեղ նույնպես նմանատիպ հայտարարություն եղավ, հարցազրույցներից մեկում նույնպես պարոն Քոչարյանը խոսեց քաղաքական հավակնությունների մասին, հետագայում նաև պարոն Աղվան Վարդանյանը, երբ որ իրեն հարցրեցին Քոչարյան Լևոնի՝ կուսակցություն ստեղծելու հետ կապված, ասեց, որ ուղղղակի որևէ բան բացառել չի կարելի՝ էդ տրամաբանության մեջ է եղել հայտարարությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սիմոնյանը՝ շարունակելով. - «Ուստի ես կարծում եմ, որ մենք չպետք է շտապենք, բայց, հա, թող լինի, թող լինի կուսակցություն, որևիցե խնդիր չկա, թող երեք կուսակցություն լինի, մի կուսակցություն լինի՝ որևիցե մեկին դա ո՛չ, կարծում եմ, անհանգստացնում է, ո՛չ կարող է մոտակա ապագայում անհանգստացնի»։

«Եվ ընդհանրապես, ուզում եմ ի մի բերելով ասեմ, որ ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, իմ կարծիքն եմ ասում, խնդրում եմ չվերագրել սա որևիցե մեկին, բայց նման կուսակցությունների, Հանրապետական կուսակցությունը և նման կուսակցությունների ստեղծումը և քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելը ինձ համար անձամբ որպես նվեր են՝ ես որպես նվեր եմ ընդունում և շատ հանգիստ և կարելի է ինչ-որ չափ ասել խանդավառությամբ եմ ողջունում», - ընդգծեց ԱԺ փոխնախագահը և մանրամասնեց. - «Խոցելի միավորներ են, շատ խոցելի՝ քաղաքական առումով, անցյալ ունեցող ու բացասական անցյալ ունեցող։ Ինձ որպես ընդդիմախոս շատ ավելի դժվար կլինի խոսել և բանավիճել նոր, ինչ-որ, քաղաքական ուժի հետ, իսկ իրենց հետ բանավիճել, քաղաքական պայքարի մեջ մտնելը ինձ համար քաղաքական նվեր է»։

«Չգիտեմ, կարծում եմ՝ սա ավելի շատ, թե՛ Սերժ Սարգսյանի պարագայում, թե՛ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, արվում է քրեական հետապնդումներին քաղաքական ենթատեքստ տալու համար, և այդ փորձը անընդհատ չի ստացվում։ Բնական է, իրենք նույնպես բոլորը՝ թե՛ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, թե՛ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, գիտեն և տիրապետում են հասարակության վերաբերմունքին և հասարակության արձագանքին, դրա համար փոքր քայլերով են փորձում առաջ գնալ», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

XS
SM
MD
LG