Մատչելիության հղումներ

Ըստ Աղվան Վարդանյանի, 60 հազար հոգի «ստորագրել են Քոչարյանին ազատ արձակելու պահանջի տակ»


Հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյան, 18-ը դեկտեմբերի, 2019թ.

Նորաստեղծ «Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի գործունեության նպատակը Հայաստանի երկրորդ նախագահ, 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների քրեական գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի ազատությունն է: Հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հանրային պահանջ դարձնելու ճանապարհով են գնում: Արդեն 60 հազար ստորագրություն ունեն:

«Ակնհայտ է՝ նախագահին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, և սա ես գտնում եմ, որ նաև մեր պետության ամոթն է», - ասաց Վարդանյանը։

Նախաձեռնող խմբի պահանջն ուղղված է գործող իշխանություններին, մինչդեռ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը թերահավատությամբ է վերաբերում հավաքված ստորագրություններին:

«Անկեղծ ասած չեմ հավատում էդ 60 հազար ստորագրության գոյությանը, համացանցում բազմաթիվ տեսանյութեր եղան՝ ինչպես տարբեր քաղաքներում նույն մարդիկ մոտենում և ստորագրում էին», - նշեց Ալեն Սիմոնյանը։

Շուրջ 40 հազարը հավաքվել է համացանցի միջոցով, 8 հազարը Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից են, ևս 12 հազար ստորագրություն էլ Արցախից կա: Բոլորն իրական մարդիկ են, վստահ է Վարդանյանը, բայց, ասում է, նրանց փողոց դուրս բերելու խնդիր այս պահին դրված չէ։

«60 հազար քաղաքացիներին դուք կարող եք հարցնել՝ պատրաստ են փողոց դուրս գալ։ Ես չեմ կարող ասել, որ 60 հազարը պատրաստ են, բայց որ հազարավորները պատրաստ են, ես դա ենթադրում եմ։ Մենք նաև ակնկալում ենք, հույս ունենք, որ իշխանությունը ի վերջո կգիտակցի այս քաղաքական հալածանքի անհեռանկարայնությունը և կփորձի ինքն իրեն նաև դուրս բերել այս վիճակից», - ասաց Աղվան Վարդանյանը։

«Խոսել քաղաքական ենթատեքստերից այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական միավոր չկար, չկա ու դժվար էլ կարողանա մոտ ապագայում լինի», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Հանձնախմբի անդամները մեծամասամբ այն նույն անձինք են, ովքեր դեռ այս տարվա հոկտեմբերին էին միացել ի պաշտպանություն Քոչարյանի տարածված հայտարարությանը: Վարդանյանն անուններ չի հնչեցնում, բայց հայտարարությունում կարդում ենք՝ ըմբշամարտի չեմպիոններ Արա Աբրահամայան, Արայիկ Գևորգյան, Արցախի հերոսներ Զորի Բալայան, Վիտալի Բալասանյան, Ժաննա Գալստյան, քաղաքագետ Երվանդ Բոզոյան, տնտեսագետ Վարդան Բոստանջյան և այլոք։ Վարդանյանն առվազն ազնիվ չի համարում, որ լռում են այն հարյուրավորները, ովքեր ժամանակին աշխատել են Քոչարյանի հետ:

«Մեր գործող նախագահը այս առումով ևս մտածելու բան ունի», - նշեց Վարդանյանը։

Հանձնախումբը նախատեսում է հանդիպումներ տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցների հետ, կլոր սեղան քննարկումներ և այլն։ Ի՞նչ ֆինանսական ռեսուրսներով հարցը Վարդանյանին զարմացնում է, ասում է՝ «դուք էլ կարող եք վաղը գալ ու Էրեբունի պլազայում սրահ վարձել, այլ ֆինանսական միջոցների կարիք չկա»։ Իսկ հանձնախումբը առաջիկայոմ կուսակցություն դարձնելու մասին քննարկումներ չեն ունեցել: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի որդին լրագրողների հետ զրույցում չէր բացառել նաև նման հնարավորությունը:

«Լևոն Քոչարյանը որքան հասկացա չէր բացառել այն տրամաբանությամբ, որ որևէ բան պետք չէ բացառել, մանավանդ մեր այս իրականության մեջ։ Խնդիրը որևէ կերպ չի քննարկվել», - ընդգծեց Աղվան Վարդանյանը։

ԱԺ փոխնախագահը Ալեն Սիմոնյանը առաջարկում է նախ սպասել կուսակցության ստեղծմանը, հետո խոսել այդ մասին. «երբ որ կուսակցություն կստեղծի, երբ որ էդ կուսակցությունը գոնե 60 հազար ստորագրություն չէ, գոնե 6 հազար ձայն կհավաքի, այն ժամանակ կխոսեն քաղաքականության մասին։ Իսկ մրցակիցներ ես ենթադրում եմ, որ մենք շատ ու շատ նոր քաղաքական միավորների կհանդիպենք հաջորդ ընտրություններին, որոնք որևիցե ձևով կաղապարված չեն լինի անցյալով, որոնք որևիցե ձևով չեն գալու ինչ-որ մեկին մի բան ապացուցելու կամ, չգիտեմ, ինչ-որ մի անձին քրեական պատասխանատվությունից պաշտպանելու կամ խուսափելու միտումով, քաղաքական օրակարգով են գալու։ Իսկ ի՞նչ քաղաքական օրակարգով են իրենք գալու»։

Ինչ վերաբերում է բուն գործի քննությանը, Աղվան Վարդանյանը կարծում է՝ տասը մարդու մահվան պատճառ դարձած 2008-ի հետընտրական իրադարձությունների բացահայտման ուղղությամբ այսօր որևէ առաջընթաց չկա: Իսկ Մարտի 1-ի ցուցարարներին խաղաղ ասելը անամոթություն է համարում. «Չկա 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման որևէ առաջընթաց, հանրապետության երկրորդ նախագահին նշանակել են ուղղակի մեղավոր»։

«Խորհուրդ եմ տալիս շատ ավելի զգույշ խոսել այդ գործընթացի մասին, որովհետև դա ոչ միայն էդ զոհերին է վերաբերում, դա վերաբերվում է մեզ բոլորիս, դա Հայաստանի Հանրապետության պատմության սև էջերից մեկն է», - ասաց Ալեն Սիմոնյանը։

XS
SM
MD
LG