Մատչելիության հղումներ

Խուզարկություն Նավալնու հիմնադրամի մոսկովյան գրասենյակում


Ռուսաստան - Ոստիկանները մուտք են գործում Ալեքսեյ Նավալնու հիմնադրամի մոսկովյան գրասենյակ, 15-ը հոկտեմբերի, 2019թ.
Ռուսաստան - Ոստիկանները մուտք են գործում Ալեքսեյ Նավալնու հիմնադրամի մոսկովյան գրասենյակ, 15-ը հոկտեմբերի, 2019թ.

Այսօր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մոսկովյան գրասենյակում իրավապահները խուզարկություն են իրականացնում։

Հակասական տեղեկություններ էին տարածվում Նավալնու հետ կապված։ Քիչ առաջ գրել էին, թե նրան բերման են ենթարկել, սակայն «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, վկայակոչելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի քարտուղարին, հայտնեց, որ ընդդիմադիր գործչին չեն կալանավորել, որոշ ժամանակ անց էլ հենց Նավալնին Թվիթերում գրեց, որ ինքը ձերբակալված չէ:

Հիմնադրամի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել գրասենյակից, որտեղ մնացել են միայն կազմակերպության իրավաբանները։

Նավալնին ուղիղ եթերում պատմում և ցուցադրում էր, թե ինչպես են իրավապահները փակում տեսախցիկներն ու սղոցում գրասենյակի դուռը. հիմնադրամի աշխատակիցները հրաժարվել են ներս թողնել իրավապահներին, և նրանք որոշել են պարզապես սղոցել դուռը։

Ուղիղ կապն ընդհատվեց, և տեղեկություն հայտնվեց, թե Նավալնուն ձերբակալել են, սակայն այն հերքվեց։

“Ведомости” պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրը, գրել է, թե խուզարկությունը կարող է կապված լինել հիմնադրամի կողմից փողերի լվացման քրեական գործի հետ։

Հիմնադրամի աշխատակից Լեոնիդ Վոլկովը, իր հերթին, գրել է, որ երեք ամսվա ընթացքում առաջին անգամ այսօր արգելափակվել է նվիրատվությունների համար հիմնադրամի բանկային քարտը։

Հիշեցնենք՝ մի քանի ամիս առաջ քրեական գործի շրջանակում խուզարկություններ էին կատարվել Ալեքսեյ Նավալնու հիմնադրամի մարզային գրասենյակներում՝ գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ հիմնադրամը գործում է։

Նավալնին այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե իր հիմնադրամի աշխատակից Ռուսլան Շավեդինովն ապօրինաբար զրկվել է ազատությունից, և քաղաքական բանտարկյալ էր որակել նրան։ Շավեդինովի փաստաբանները, ինչպես իր բլոգում նշում է Նավալնին, հայցեր են ներկայացնելու դատարան։

Այս շաբաթ խուզարկություն էր իրականացվել Ռուսլան Շավեդինովի տանը, այնուհետև նրան ուժով հարցաքննության էին տարել և շտապ զորակոչել։

23-ամյա Շավեդինովը ոստիկանությունից պարտադիր զինծառայության է ուղարկվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս՝ Նովայա Զեմլյա արշիպելագում գտնվող զորամաս։ Զորամասը փակ է, փաստաբաններն այնտեղ մուտք չունեն։

XS
SM
MD
LG