Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին և նրա հիմնադրամի աշխատակիցները հայց են ներկայացրել Պուտինի դեմ


ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին և նրա ղեկավարած Կոռուպցիայի դեմ հիմնադրամի աշխատակիցները դատական հայց են ներկայացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ նրան մեղադրելով անգործության մեջ։

Հիմնադրամի դեմ Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել փողերի լվացման հոդվածով: Նավալնին և հիմնադրամի աշխատակիցները պահանջում են անօրինական ճանաչել պետության ղեկավարի անգործությունը, ով, նրանց կարծիքով, որևէ կերպ չի արձագանքում հիմնադրամի աշխատողների սահմանադրական իրավունքների խախտմանը:

Նավալնին և նրա համախոհները Պուտինին համարում են հիմնադրամի դեմ քրեական գործի կազմակերպիչ՝ հայտարարելով, թե այս աստիճանի հալածանքները, որոնց ենթարկվել են իրենք, հնարավոր չէին առանց նախագահի հրահանգի։ Ընդդիմադիրը պնդում է, թե նախագահը մարմիններին հանձնարարել է վրեժ լուծել Կոռուպցիայի դեմ հիմնադրամից նրանց՝ մեծ աղմուկ բարձրացնող հետաքննությունների համար։

Նավալնին, հիշեցնենք, պարբերաբար տեսագրություններ է տարածում համացանցում՝ ռուսաստանցի այս կամ այն պաշտոնյային մեղադրելով ապօրինի հարստացման մեջ, ցուցադրում է նրանց պատկանող շքեղ առանձնատները թե Ռուսաստանում, թե Ռուսաստանից դուրս։ Կոռուպցիայի դեմ հիմնադրամի աշխատակիցներն իրենց հայցում նշում են, թե այդ հետաքնությունները սպառնում են իշխանություններին, անձամբ Պուտինին։

Պուտինի դեմ հայցի տակ ստորագրել է 14 հոգի, այդ թվում՝ Ալեքսեյ Նավալնին, Գեորգի Ալբուրովը, Վյաչեսլավ Գիմադին, Կիրա Յարմիշը և Ալեքսանդր Պոմազևը: Նրանք հայտարարում են անկախ դատարանում իրենց դիրքորոշումը ապացուցելու պատրաստակամության մասին: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե Կրեմլը որևէ դիրքորոշում չունի այս հայցի վերաբերյալ:

«Մենք չգիտենք դատարանի որոշումն այս հարցի վերաբերյալ: Փաստաթղթերը ներկայացվել են, դատարանը կքննարկի այն և կորոշի ընդունել այս հայցը, թե ոչ», - Կրեմլի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ներկա լինի դատարանում, Պեսկովը պատասխանել է, որ փաստաբանները կորոշեն, եթե հայցն ընդունվի, իհարկե։

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի իրավապահները զանգվածային խուզարկություններ են անցկացրել Նավալնիի գրասենյակներում փողերի լվացման գործի շրջանակներում:

Հետաքննության համաձայն, հիմնադրամի աշխատակիցները 75 միլիոն ռուբլի են ապօրինի ստացել և փոխանցել այդ գումարը հիմնադրամի հաշիվներին: Գործով կասկածյալներ դեռ չկան:

«Մենք պահանջում ենք, որ Պուտինի անգործությունը ճանաչվի հանցավոր, քանի որ նա է Սահմանադրության երաշխավորը։ Դա մեր իրավունքն է», - ասում է ընդիմադիր Լյուբով Սոբոլը։

«Մենք պահանջում ենք, որ փակվի հիմնադրամի դեմ քրեական գործը», - տեսահոլովակում ասում է Նավալնին։

XS
SM
MD
LG