Մատչելիության հղումներ

Ոստիկանության տեսանյութի հրապարակումը ճնշում էր դատարանի նկատմամբ, վստահ է Արամ Վարդևանյանը


Անցած շաբաթ Ոստիկանությունը աղմկահարույց տեսանյութ հրապարակեց՝ պնդելով, որ Հայաստանի երկրորդ նախագահի ենթադրյալ աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը պնդում է, թե Ոստիկանության տեսանյութի հրապարակումը ուղղակի կամ անուղղակի ճնշում էր դատարանի նկատմամբ:

Նախկին նախագահի փաստաբանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր: Ստորև՝ հատված հարցազրույցից․

Արամ Վարդևանյան․ - Տեսանյութի ուսումնասիրությունից երևում է, որ մարդը կարճաթևով է, դա նշանակում է, որ այն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն ունի, ինչի՞ է այն հրապարակվում միայն դեկտեմբերի 19-ին, ի՞նչ նպատակ է դրանով հետապնդվում: Սա՝ առաջինը:

Այն նպատակը, ի դեպ, որը ես կարծում եմ, որ հետապնդում է, այն ստացվեց՝ այն ուղղակի կամ անուղղակի ճնշումն էր դատարանի նկատմամբ, որը ստացվեց, այսինքն՝ արդյունքը տվեց: Պարզ է՝ եթե խորհրդակցական սենյակում է դատավորը, պետք է զսպվածություն, չէ՞, ցուցաբերել: Այդ տեսանյութը կարող էր հրապարակվել նաև ամսի 21-ին, 22-ին: Եթե հարց առաջանա, օրինակ՝ բա չէ՞ որ օպերատիվ գործողություններ էին կատարում, ամեն օր են ոստիկանները օպերատիվ գործողություններ ձեռնարկում, ամեն օր, և ոչ բոլորի մասին են հրապարակում, հայտարարություններ կատարում, և այլն:

Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ ի վերջո, նաև այստեղ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք այս գործով տուժողներ կան: Սա ոչ թե իմ անունից եմ այս հարցը բարձրաձայնում, այլ պարզապես ուղղակի մեջբերում անեմ սույն գործով մեղադրող դատախազներից Կարեն Բիշարյանի խոսքից, ով ասեց, որ այդ քրեական գործը առնչություն չունի սպանությունների, զոհվածների և, առավել ևս, կարծում եմ՝ մարմնական վնասվածքների հետ կապված գործերի հետ: Սա մեղադրողն է ասել՝ սույն գործով մեղադրողը: Հետևաբար, ի՞նչ կապ ունի տուժողների հետ նման գործողությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 22-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG