Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել


Լուսանկարը ոստիկանության պաշտոնական կայքէջի

Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել, հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:

Նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի», - ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ գործողությունների կատարվել են խուզարկություններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG