Մատչելիության հղումներ

Լևոն Քոչարյանը դատարանի որոշման ու ոստիկանության տեսանյութի միջև կապ է տեսնում


Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, արխիվ

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Դատավոր Լուսինե Աբգարյանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը:

Նա հայտնեց, որ որոշումը կարող է բողոքարկվել 15 օրվա մեջ:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, ակնհայտ է համարում կապը հրապարակված որոշման և երեկ ոստիկանության տարածած աղմկահարույց տեսանյութի միջև: Համաձայն իրավապահների բացահայտման՝ Քոչարյանի աջակիցները փորձում են կաշառել Մարտի 1-ի գործով տուժողին՝ ցուցմունքը փոխելու համար: Լևոն Քոչարյանը սա որակում է իշխանության «կեղտոտ խաղերի ապացույց» և բացառում իրենց կապը այդ գործընթացի հետ:

«Ի՞նչ կտար այդ մարդու ցուցմունք փոխելն ընդհանրապես: Պետք էր այդտեղից սկսել: Վերջիվերջո, մարդիկ կան, որ ուզում են, իրենց կարող է թվալ, որ լավ բան են անում, բայց չեն հասկանում, որ շատ սխալ բան են անում: Իմիջիայլոց, ես դիմում եմ, որ եթե կան ուրիշ աջակիցներ, ում մտքով կարող է նման բան անցնել, կամ ում կարող են օգտագործելով նման բաներ անել, ուղղակի հեռու մնալ: Մենք ոչինչ չենք ուզում փոխել այդ գործի մեջ, ուզում եք, բերեք, ստորագրեմ: Ես կարող եմ բացառել այն, որ մենք որևէ կապ չունենք ու չէինք կարող ունենալ այդ ամենի հետ, որովհետև նպատակը չկա այդ ամեն ինչի», - հայտարարեց Լևոն Քոչարյանը:

Մինչդեռ «Ազատության» հետ զրույցում Վարուժան Մկրտչյանը վստահեցրեց, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցն է, երեկ ոստիկանության հրապարակած տեսանյութում էլ ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ: Զրուցակցին ճանաչում է ավելի քան 30 տարի, անունը չի տալիս, քանի որ նախաքննական գաղտնիք է: Իրենց զրույցի մեջ քրեորեն հետապնդելի որևէ բան չի տեսնում, ասում է՝ տուժողն ինքն է իրեն գտել ու ակնարկել իրավապահների կողմից ճնշումների մասին: Մկրտչյանը պնդում է, թե տեսանյութում իր ասածները երաշխիքներ էին, որ Մարտի 1-ի գործով տուժողը դատարանում կրկնի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, ոչ թե փոխի դրանք:

«Ուրեմն, եթե Դուք նորից նայեք այնտեղ, երբ որ իրա նկատմամբ բիրտ ուժեր կկիրառվեն, ինչ-որ բաներ կկիրառվեն, որոնք օրենքի տառից դուրս են, կստիպեն ինչ-որ մի բանի, եթե՝ այնտեղ հստակ ասվում է՝ «եթե քո նկատմամբ կլինեն որևիցե մի ոտնձգություններ, դու էլ էկել ես որպես անձ, ուղղակի, ասում ես՝ սենց չի լինի, ինձի ճնշում են, և այլն, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարուժան Մկրտչյանը, հարցին էլ՝ «ասում էր՝ ոստիկաններն են, հա՞, ճնշել, երևի», արձագանքելով․ - «Դե ինչևէ, տենց ինչ-որ, դե ինչ-որ մի բանի մասին երևի կար, չէ՞, դրանից առաջ, ամբողջությամբ տեսանյութը իրա մասով հրապարակված չէ»:

Ռոբերտ Քոչարյանի որդին չի բացառում վարկածը, որ Վարուժան Մկրտչյանը, ում իրենք ճանաչում են ընդամենը 3 ամիս, իշխանությունների կողմից ներդրված անձ է. - «Մի տարբերակն այն է, որ հատուկ նպատակով այդ մարդուն ուղարկել են, ձայնագրել են այդ ամեն ինչը, բնականաբար՝ շահարկելու համար, երկրորդ տարբերակը, որ մի քիչ վատ տարբերակ է, որ ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է նույնիսկ ինչ-որ հանգամանքներում եղել ու պայմանավորված: Չեմ առաջ ընկնի այս տարբերակի վրա, բայց ոչինչ էլ պետք չի բացառել՝ նկատի ունենալով իշխանությունների գործելաոճը: Մենք այս 2 տարի է՝ պնդում ենք, հատկապես գործն ինչքան առաջ է գնում, որ հայրս երբեք կամ մենք երբեք ոչ նպատակ ունենք խոչընդոտելու, ոչ ինչ-որ ցուցմունք կա գործի մեջ, որ կուզենայինք փոխվեր»:

Վարուժան Մկրտչյանը պնդում է՝ ինքը միշտ էլ Քոչարյանի գաղափարակիցն է եղել, իսկ իշխանությունները սա արել են թիմի ներսում պառակտում սերմանելու համար:

Տեսանյութում նաև երևում է զենք, որն ինքը Մկրտչյանն անվանում է մարտական, նաև խոսում է «պերեվառոտի»՝ հեղաշրջման մասին: Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ զենքը «սուվենիր» էր, իսկ «պերեվառոտ» ասելով՝ «գաղափարական հեղաշրջումը» նկատի ուներ. - «Սուվենիրի տեսքով «Կալաշնիկով» էր, և որևիցե մի կրակոց կամ որևիցե մի բան կա՞ր, ես կրակեցի ցույց տվի՞»: «Այսինքն՝ օրինական, փաստաթղթավորված», - այս դիտարկմանը նա արձագանքեց․ - «Ես նորից եմ կրկնում՝ սուվենիր էր դա: Իսկ ո՞վ կարա դա ասի, որ դե հենց, զենքը տենց, ինչ-որ․․․»: Հարցին՝ ոստիկանությունն առգրավե՞լ է զենքը, Մկրտչյանը պատասխանեց․ - «Չէ, իմ մոտ չի, սուվենիր էր՝ տարել են, դրած էր, հիմա դրած չի, ի՞նչ կա դրա մեջ: Ու երբևէ, մենք գաղափարական հեղաշրջողներ ենք»:

Նա վստահեցնում է, որ Քոչարյանի ընտանիքի անդամների, գրասենյակի, կամ նախկին նախագահի հետ առնչություն ունեցող որևէ անձի հետ չի համաձայնեցրել կամ չի քննարկել այն ամենը, ինչ հնչեցվում է տեսանյութում․ - «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, շրջապատող հարազատները և բարեկամները, ինչպես և մեծարգո երկրորդ նախագան, երբևէ, երբևէ, ոչ մի անգամ Մարտի 1-ի դեպքերի տուժածների հետ հանդիպումներ, կամ նրանց մասով որևիցե մի բանակցություններ վարելու, երբևէ նման մասով խոսակցություններ մեր մեջ տեղի չեն ունեցել և չեն էլ ունենա: Բացարձակ: Տուժածը եկել, ինքն իրանն ասել, գնացել ա»: Մկրտչյանի հավաստմամբ՝ շփում չի եղել նաև քրեական գործի հարուցումից հետո․ - «Բացարձակ, ընդհանրապես շփում չի էղել»:

Վարուժան Մկրտչյանն ասում է՝ տուժողն իրենց գրասենյակ այցելել է ամիսներ առաջ, խուզարկությունը տեղի է ունեցել երեկ: Հարուցված քրեական գործով իր կարգավիճակի մասին որևէ տեղեկություն չունի: Հայտարարեց՝ թույլ չի տալու, որ իշխանություններն այս քրեական գործով իրեն ստիպեն հրաժարվել իր գործունեությունից։ Չհստակեցրեց՝ այս պահին ինչ բիզնես գործունեությամբ է զբաղվում, նախկինում երբեք պաշտոնյա չի եղել, ասում է՝ իրեն ներկայացնենք որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից:

XS
SM
MD
LG