Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը ձերբակալվել է


Վարուժան Մկրտչյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 20-ը դեկտեմբերի, 2019թ․

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու փաստով Ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչի վարույթ։ Ինչպես «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, քրեական գործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Ձերբակալվածը Վարուժան Մկրտչյանն է, ով երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում հաստատել էր, որ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ:

Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը վերաբերում է «սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելուն կամ հարկադրելուն, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից», ինչի համար սահմանված է 3-ից մինչև 7 տարվա ազատազրկում:

Հինգշաբթի երեկոյան Ոստիկանությունն աղմկահարույց տեսանյութ հրապարակեց, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։

Ըստ Ոստիկանության, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու փորձում են նրանց կաշառել, որպեսզի հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG