Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Տոկիո: Դա անցած երկու տասնամյակների ընթացքում Իրանի նախագահի առաջին այցն է Ճապոնիա:
Այս տարվա հունիսին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Թեհրան, դառնալով Ճապոնիայի առաջին վարչապետը, ով վերջին 40 տարվա ընթացքում այցելել է Իրան:
Տոկիոն փորձում է միջնորդել Միացյալ Նահանգների և Իրանի լարված հարաբերությունները կարգավորելու հարցում:
Տոկիոյում Ճապոնիայի վարչապետի պետական համալիրում Ռոհանիին զինվորական պատիվներով են ընդունել:
Ճապոնիան Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակիցն է, որը միաժամանակ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին ասել է, որ Թեհրանը Ճապոնիայի դիվանագիտական խողովակներով Միացյալ Նահանգներից ստանում է քաղաքական ուղերձներ, որոնք ուշադրությամբ վերլուծում է:
Նրա փոխանցմամբ, Թեհրանը շնորհակալ է Տոկիոյին այդ միջնորդության համար:
Միաժամանակ, խոսնակը նշել է, որ այս ուղևորությունը կապ չունի ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների հետ:
Միացյալ Նահանգներն անցյալ տարի դուրս է եկել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրից և վերականգնել է պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: