Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ չափազանց կոշտ պատժամիջոցների օրինագիծը


ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը երեկ հաստատել է «Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանության մասին» օրինագիծը, որը պարունակում է չափազանց կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:

Փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Սենատում, որի հավանությանն արժանանալու դեպքում ուղարկվելու է Ներկայացուցիչների տուն, օրենքի ուժ ստանալու համար էլ անհրաժեշտ է լինելու նաև Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը:

Bloomberg լրատվական գործակալությունը գրում է, որ պարզ չէ՝ երբ է նախագիծը Սենատում դրվելու քվեարկության:

Օրինագծում ընդգրկված պատժամիջոցներն արդեն կոչել են «պատժամիջոցներ դժոխքից»:

Ի դեպ, այս տեղեկության ֆոնին ռուսական ռուբլին երեկ երեկոյան արդեն արժեզրկվել էր:

DASKA (Defending American Security from Kremlin Aggression) օրինագիծը, որն առաջին խմբագրմամբ հրապարակվել էր 2018 թվականի ամռանը, իսկական շոկ էր առաջացրել Մոսկվայում: Նախագիծը մշակել են երկու հանրապետական և երեք դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ ազդեցիկ գործիչներ Լինդսի Գրեհեմը և Ռոբերտ Մենենդեսը:

Օրինագիծը ենթադրում է պատժամիջոցներ Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ, պատժամիջոցներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված և նրա շահերը սպասարկող պաշտոնյաների, օլիգարխների ու նույնիսկ նրանց ընտանիքների դեմ, պատժամիջոցներ ռուսաստանյան բանկերի նկատմամբ, պատժամիջոցներ Ռուսաստանի նավթային ընկերությունների դեմ՝ հատկապես նրանց արտասահմանյան գործունեությունը խոչընդոտելու համար:

Փաստաթուղթը նախատեսում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի համար:

Ամենակոշտը և ամենացավոտը Ռուսաստանի տնտեսության համար այս օրինագծում, փորձագետների կարծիքով, պատժամիջոցներն են ռուսական պետական պարտատոմսերի դեմ՝ արգելվում է ցանկացած գործարք երկարաժամկետ պարտատոմսերի հետ:

XS
SM
MD
LG