Մատչելիության հղումներ

Իվան Ժդանովը հայտարարում է 2021-ի Պետդումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին


Ռուսաստան - Իվան Ժդանովը Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ
Ռուսաստան - Իվան Ժդանովը Մոսկվայում բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը երեկ հայտարարել է 2021 թվականին անցկացվելիք Պետդումայի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ընդ որում, հայտարարությունը նա արել է հերթական տասնօրյա կալանքից ազատ արձակվելուց անմիջապես հետո՝ ասելով, թե կալանքի այդ տասն օրերին մտածել է և հստակ որոշել է մասնակցել ընտրություններին:

«Մասնակցելու եմ, որպեսզի Պետդումայում լինեն նորմալ օրենքներ ընդունող պատգամավորներ, որպեսզի ռուսաստանցիներն ինտերնետից ազատ օգտվելու իրավունք ունենան, կարողանան բացել իրենց սեփական բիզնեսները, նորմալ աշխատել և ստանալ արժանապատիվ աշխատավարձ», - ասել է Ժդանովը:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանն Իվան Ժդանովին դատապարտել էր տասն օրվա ազատազրկման՝ հուլիսին չարտոնված հերթական ակցիան կազմակերպելու համար:

Ժդանովին ամռանը Մոսկվայի ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, չէր գրանցել որպես թեկնածու քաղաքային դումայի ընտրություններում, որոնք անցկացվեցին սեպտեմբերին: Հուլիս-օգոստոսին Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվեցին մի շարք բողոքի ակցիաներ, մի մասը՝ չարտոնված, որոնք ցրելու համար ոստիկանությունն ու Ռոսգվարդիան բիրտ ուժ կիրառեցին: Հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, տասնյակից ավելի ցուցարարների դեմ նույնիսկ քրեական գործեր հարուցեցին, նրանց մի մասին էլ արդեն դատապարտել են իրական ազատազրկման:

Ռուսաստանում Պետդումայի ընտրություններն անցկացվելու են 2021-ի սեպտեմբերին: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, չնայած ցածր վարկանիշին, նոյեմբերին կայացած համագումարին հայտարարել է, որ այդ ընտրություններին մտադիր է ստանալ սահմանադրական, կամ, ինչպես կուսակցության ղեկավարներն են ասում, «պուտինյան» մեծամասնություն:

XS
SM
MD
LG