Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի կենսաթոշակների հարցերով գերագույն հանձնակատարը հրաժարական է տվել


Ֆրանսիա - Առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց Լիոնում, դեկտեմբեր, 2019թ․

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների համար պատասխանատու պաշտոնյան հրաժարական է ներկայացրել:

Կենսաթոշակների հարցերով գերագույն հանձնակատար Ժան-Պոլ Դելևուան ստիպված է եղել այդ քայլին գնալ, երբ հայտնի է դարձել, որ նա իր «շահերի հայտարարագրում» չի նշել միանգամից մի քանի պաշտոններ, որոնք միաժամանակ զբաղեցրել է կառավարությունում աշխատելով:

Դելևուան Կենսաթոշակների հարցերով գերագույն հանձնակատար էր նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին՝ կենսաթոշակային բարեփոխումները նախապատրաստելու համար:

Նրա հրաժարականը պահանջում էին ընդդիմությունն ու արհմիությունները:

Ֆրանսիայում, հիշեցնենք, նախագահ Էմանյուել Մակրոնի կառավարության կողմից առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացվում այս ամսվա սկզբից: Կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:

XS
SM
MD
LG