Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարողացել են հաջողությամբ ավարտին հասցնել առևտրային հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այդ մասին կիրակի երեկոյան CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների Առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:
Լայթհայզերի խոսքով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ առաջիկա երկու տարիների ընթացքում ամերիկյան արտադրանքի արտահանումը Չինաստան կրկնապատկվելու է: Սակայն, ըստ ամերիկացի պաշտոնյայի, այս համաձայնությունները ձեռք են բերվել չին-ամերիկյան բանակցությունների միայն առաջին փուլի արդյունքում: Պեկինի և Վաշինգտոնի միջև բանակցությունների վերջնական արդյունքները, ընդգծել է Լայթհայզերը, կախված են լինելու Չինաստանի վերնախավում ուժերի դասավորությունից:
«Եթե որոշումները կայացվելու են կոշտ գծի կողմնակիցների թելադրանքով, մենք մի արդյունք կունենանք: Եթե որոշումները կայացվեն բարեփոխական թևի կողմից, և մենք հուսով ենք, որ այդպես է լինելու, ապա այդ դեպքում բանակցությունների արդյունքները միանգամայն այլ են լինելու», - նշում էր Ռոբերտ Լայթհայզերը: