Մատչելիության հղումներ

Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման նախագիծը բանավեճի առարկա դարձավ


Կառավարությունն այսօր հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց` գույքը բռնագանձելու համար ապացուցման բեռը դրվում է պետության վրա: Որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձման ենթակա լինի, դրա արժեքը պետք է գերազանցի 25 միլիոն դրամը:

Վարչապետը հարցրեց՝ իրավասու մարմինը կարո՞ղ է հետաքրքվել միայն նախկին ու ներկա պաշտոնյների գույքով, թե՞ բոլորի: Պարզվեց՝ հիմքերը 6-ն են, և դրանցից միայն 1-ն է վերաբերում նախկին ու ներկա պաշտոնյաներին:

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Այսինքն՝ սա այն հիմքն է, որը վերաբերում է բացառապես պաշտոնատար անձանց, այսինքն՝ բոլոր նախկին դեպքերում մենք ավելի լայն շրջանակ ունենք, բայց այս դեպքում օպերատիվ հետախուզականի հիմքով բացառապես պաշտոնատար անձանց մասով», - պատասխանեց Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը ներկայացրեց նաև այն մյուս դեպքերը, երբ կարող է կիրառվել այս օրենքը, մասնավորապես՝ եթե քաղաքացու նկատմամբ քրեական գործի հարուցումն անհնար է, քանի որ նրա նկատմամբ համաներման ակտ է ընդունվել, անցել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետը, անձը մահացել է, հանցանքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի և այլն: Այս օրենքը կիրառելի է նաև այն դեպքերում, երբ քրեական գործը կասեցվել է անձեռնմխելիության և այլ հիմքերով: Այս բոլոր հիմքերով օրենքը կարող է կիրառվել ցանկացած անձի նկատմամբ, իսկ վերջին՝ օպերատիվ հետախուզականի դեպքում կիրառելի է միայն ներկա ու նախկին պաշտոնյանների նկատմամբ:

Նախագծի հետ կապված մտահոգություններ ուներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Անհանգստանում էր այն ներդրողների համար, ովքեր կարող են մտածել, որ այս օրենքի ուժով Հայաստանում իրենց նկատմամբ կարող են վարույթ հարուցել ու հարցնել, թե որտեղից նրանց այս միջոցները․

«Խոսքը վերաբերում է 3-րդ ու 4-րդ կետերին, որը հղում է տալիս կասկածների վրա, որտեղ խոսք չկա քրեական գործի մասին: Ես չեմ ուզում, որ մենք բանկային գաղտնիքի հասանելիության հաշվին այդ միջոցները բրդենք դեպի կրիպտոարժույթ, դա մեզ ոչինչ չի տալու, ընդհակառակը՝ ավելի է հեռվացնելու պոտենցիալ բացահայտվող հանցագործությունը, մեկ և երկրորդը՝ ուղղակի ֆինանսական սխալ հոսքեր է առաջացնելու: Եվ դա է, որ իրոք ցանկալի չէ, որպեսզի տեղի ունենա սխալ գործիքակազմ նկարագրելու պատճառով», - ասաց նա:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կասկածները գործում են այդ պայմանների առկայության դեպքում. «Ոչ թե ինքը փողոցով ուղղակի քայլում է, մի հատ շենք է տեսնում, կասկածում է, այլ կասկածներն ինստիտուցիոնալ ծագում պետք է ունենան», - ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատախազությանը վերապահվող իրավասության հետ կապված խնդիրներ բարձրացրեց․ - «Կարևոր է լինելու, թե իրավական զսպաշապիկները այսպես ասած կամ երաշխիքները որոնք են լինելու կոնկրետ դեպքում դատախազության՝ որպես ուսումնասիրություն իրականացնող մարմնի»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չհամաձայնեց Թաթոյանի հետ, իր կառույցին այս օրենքով նոր առավելություններ չեն տալիս: Այստեղ ընդամենը, ըստ Դավթյանի, լուծվում է այն խնդիրը, որ հանցագործությամբ պատճառված վնասը պետք է վերականգնվի. «Այս օրենքի գաղափարի նույնիսկ ամենասկզբից, քննարկումներից սկսած, առաջին իսկ օրվանից հիմնական էսպես քննադատական կամ հակառակ տեսակետներ արտահայտողները այ սենց փորձել են նաև թիրախային, առանց գործիքների վրա, որ բանկային գաղտնիքը, չգիտեմ այս գործողությունը, այն գործողությունը»:

ՄԻՊ-ին դուր չեկավ գործընկերների արձագանքը, ասաց՝ իր խոսքերը ձևափոխվեցին. - «Անընդունելի է գլխավոր դատախազի այն հայտարարությունը, որ առանձին անձինք թիրախավորելով ի սկզբանե...Պնդում եմ, որ այդ հայտարարությունն անընդունելի է՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության հետ», - ընդգծեց նա:

Չնայած Թաթոյանին դուր չէին եկել դատախազի շեշտադրումները, նրանից ներողություն խնդրեց արդարադատության նախարար Բադասյանը: Իսկ դատախազ ու ՄԻՊ բանավեճին միջամտեց արդեն վարչապետը:

Հաջորդ դրույթը, որը երկար քննարկումների առիթ տվեց, ուսումնասիրության ժամկետների սահմանափակումն էր: Նախապես որոշված էր 15 տարին, փորձագետներն առաջարկել էին 10: Փաշինյանը կողմ էր 1991-ից սկսած տարբերակին ՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար: Չնայած Փաշինյանը միակն էր, որ այս տաբերակին էր կողմ, նախագիծն ընդունվեց հենց այդպիսի ձևակերպմամբ:

XS
SM
MD
LG