Մատչելիության հղումներ

ԱՆ մշակած օրենսդրական փաթեթով՝ դատախազությունը կարող է ստուգել գույքի ծագման օրինականությունը


Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փաթեթը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախատեսում է ստեղծել մեխանիզմներ, որոնք հնարավոր կդարձնեն ապօրինի գույքի բռնագանձումը անկախ նրանից՝ անձը, որին պատկանում է գույքը, քրեական գործով մեղավոր ճանաչվել է թե ոչ:

Գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը: Իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել և ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, և եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոն դրամից ավելի, ապա դիմել դատարան՝ այդ գույքը բռնագանձելու համար:

Բռնագանձումը նախատեսվում է կատարել բացառապես դատարանի որոշման հիման վրա, ասում է Արդարադատության նախարարի տեղական Սրբուհի Գալյանը:«Ցանկանում եմ շեշտել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը հնարավոր է իրականացնել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: Այսինքն, մենք խոսում ենք մեղադրական դատավճռի բացակայության մասին, մենք չենք խոսում վճռի բացակայության մասին առհասարակ: Նույն դատարանի մասին չէ խոսքը․ երկու գուցե դեպքեր են հնարավոր զուգահեռ գործընթացների հետ, մեկը՝ քաղաքացիաիրավական, մյուսը՝ քրեաիրավական: Ապացուցման ծավալը երկու դեպքում տարբեր է: Մի դեպքում մենք ապացուցում ենք որոշակի անձի կապը հանցագործության հետ, այսինքն՝ այդ անձը կատարե՞լ է կոնկրետ հանցագործություն, թե՞ չէ, իսկ քաղաքացիաիրավական գործընթացում ուղղակի ապացուցում ենք, որ անձը ունի գույք, որը չի համապատասխանում իր օրինական եկամուտներին, այսինքն առկա է ապօրինի ծագում», - ասաց փոխնախարարը:

Ինչո՞ւ է այս գործառույթը իրականացնելու համար ընտրվել հենց դատախազությունը, արդյո՞ք այդ կառույցն ունի բավարար ռեսուրսներ: Սրբուհի Գալյանն ասում է՝ մի քանի հնարավորություն կար՝ ստեղծել անկախ մարմին, որ կզբաղվի նման գործերով, կամ նման գործառույթ տալ ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն, ըստ փոխնախարարի, Հայաստանի օրենսդրությունը դեռ հարմարեցված չէ այդ տարբերակների համար, ուստի որպես իրավասու մարմին ընտրվել է դատախազությունը, որն ունի պետության շահերի պաշտպանությամբ հանդես գալու սահմանադրական լիազորություն։

Դատախազությունում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որ կուսումնասիրի՝ ապօրինի՞, թե՞ օրինական է գույքը․ - «Առանձին ստորաբաժանում է լինելու, որը համալրված է լինելու համապատասխան մասնագիտացված, վերապատրաստված կադրերով»:

Դատախազությունը կարող է սկսել ուսումնասիրել գույքի ծագման օրինականությունը, եթե անձն անցնում է, մասնավորապես, կոռուպցիայի, թրաֆիքինգի, ապօրինի զենքի, շորթման, փողերի լվացման, ահաբեկչության, արդարադատությանը խոչընդոտելու, իշխանության ու պաշտոնեական դիրքի չարաշահման քրեական գործերով, անգամ եթե այդ գործերը կարճվել են ոչ արդարացնող հիմքերով, անցել է վաղեմության ժամկետը, կամ անձն, օրինակ, հետախուզման մեջ է: Բացի այդ, վարույթ կարող է հարուցվել նաև ստացված օպերատիվ տվյալների հիման վրա:

Գույքը բռնագանձելու համար դատախազությունը կարող է դատարան դիմել, եթե պարզվի, որ օրինական եկամուտների և այդ գույքի արժեքի տարբերությունը ավելի է 50 միլիոն դրամից։ Արդյո՞ք այս շեմը չափազանց բարձր չէ․ - «Ընտրվել է 50 միլիոնը՝ իրականում հիմք ընդունելով ներկայիս աշխատավարձերը և գույքի շուկայական արժեքը: Այս ընտրված արժեքը կարելի է ասել պայմանական է այն առումով, որ մենք կարող ենք քննարկել՝ ինչո՞ւ ոչ 60 միլիոն, ինչո՞ւ ոչ 40 միլիոն: Ընտրվել է 50 միլիոնը, որը բացառում է հասարակ քաղաքացու մտավախությունը, որ ինքը կարող է հայտնվել օրենքի կարգավորման տիրույթում», - մանրամասնեց Սրբուհի Գալյանը:

Վարույթն իրականացնող մարմինը, ըստ նախագծի, կարող է ուսումնասիրել տվյալ անձի գույքն ու եկամուտները վերջին 10 տարվա կտրվածքով։ Ավելի հեռուն գնալու համար, Գալյանի փոխանցմամբ, հատուկ պայմաններ են անհրաժեշտ․ - «Ավելի հետ գնալու մինչև 1991 թվական՝ այն դեպքում, երբ պահպանվել են հնարավոր ապացույցները: Ընդ որում, ապացույցները պահպանվել են հասանելիության տեսանկյունից ոչ միայն իրավասու մարմնի համար, այլ նաև պատասխանողի համար»:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հարց բարձրացրեց․ - «Սովորաբար ասում են՝ մի հարցրեք որտեղից կան ինչպես ծագեց իմ առաջին միլիոնը, հարցրեք դրանից հետո գոյացած միլիոնները: Այս դեպքում, եթե մենք բացահայտում ենք առաջին միլիոնը, որ ապօրինի ծագում ունի, բայց դրանից հետո ստացվում է այնպես շատ դեպքերում և փորձն է ցույց տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի հետագա զարգացումը կամ ճիշտ կառավարումը բերում է նոր գույքերի ձեռքբերման, այս դեպքում մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ բռնագանձումը կարող է տարածվել ողջ ունեցվածքի վրա, ինչի հիմքում դրվելու է ապօրինի ծագում ունեցող գույքը»:

Գալյանի արձագանքը․ - «Եթե առաջին միլիոնը ձեռք է բերվել ապօրինի, և հիմնավորվում է դրա ապօրինի ծագումը, ապա դրա փոխակերպումը և ծավալի ավելացումը և այլն օրինական համարվել չի կարող: Եվ բռնագանձման պետք է ենթակա լինի ամբողջ ունեցվածքը, որի հիմքերը ի սկզբանե ապօրինի են եղել»:

Արտերկրում գտնվող ապօրինի գույքին վերաբերող տեղեկություն՝ Սրբուհի Գալյանն ասում է դժվար է ստանալ, այդ դժվարությունները գործնականում առաջանում են անգամ հարուցված քրեական գործերի շրջանակներում ուղարկված հարցումների դեպքում: Այդուհանդերձ, օրենքի նախագծում առաջարկվում են նորմեր, որոնք ուղղված են միջազգային փոխօգնության ընթացակարգերը հստակեցնելուն:

Ինչ վերաբերում է դատարաններին, ապա ապօրինի ծագման գույք բռնագանձման վերաբերյալ գործերը քննելու են քաղաքացիական դատավորները, որոշ դատավորներ կվերապատրաստվեն, և Բարձրագույն դատական խորհուրդը նման գործերը կուղարկի հենց նրանց վարույթ։ Ապագայում այդ գործերը կքննի արդեն ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը այժմ ամփոփման փուլում է, հաջորդ շաբաթ ամենայն հավանականությամբ կուղարկվի վարչապետի աշխատակազմ ու նոյեմբերին կհայտնվի կառավարության նիստի օրակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG