Մատչելիության հղումներ

Ռուսական հեռուստաալիքը ցուցադրեց Զելենսկու մասնակցությամբ սերիալի ընդամենը երեք սերիա


Ուկրաինա - Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նկարահանվում է «Ժողովրդի ծառա» սերիալում, Կիև, մարտ, 2019թ․
Ուկրաինա - Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին նկարահանվում է «Ժողովրդի ծառա» սերիալում, Կիև, մարտ, 2019թ․

Ռուսական «Գազպրոմ Մեդիա»-ին պատկանող՝ երիտասարդության շրջանում մեծ ժողովրդականություն վայելող ТНТ հեռուստաընկերությունը երեկ երեկոյան «փրայմ թայմին» ցուցադրել է ուկրաինական «Ժողովրդի ծառա» սերիալի երեք սերիաները: 2015 թվականից նկարահանված սերիալում գլխավոր դերը խաղում է Ուկրաինայի այսօրվա նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ռուսական հեռուստաընկերությունը փաստորեն որոշել է Զելենսկու մասնակցությամբ սերիալը ցուցադրել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ երկու օր առաջ Փարիզում կայացած առաջին հանդիպումից հետո: Զելենսկու հերոսն այս սերիալում ազնիվ և սկզբունքային պատմության ուսուցիչ Վասիլի Գոլոբորոդկոն է, ով անսպասելիորեն դառնում է Ուկրաինայի նախագահ և սկսում է կոշտ պայքարը կոռուպցիայի ու օլիգարխների դեմ:

Սերիալի անոնսում, որը երեկ եթերում էր, ТНТ-ն համեմատում էր Զելենսկուն և Գոլոբորոդկոյին․ - «Սերիալում նա բարելավել է տնտեսական իրավիճակը երկրում, իսկ իրակա՞ն կյանքում: Սերիալում նա հաղթեց կոռուպցիային, իսկ իրակա՞ն կյանքում»: ТНТ-ն հայտնել էր, որ սերիալի հաջորդ սերիաները եթերում կլինեն ամեն օր ժամը 19-ից:

«Ժողովրդի ծառա» սերիալը մեծ հաջողություն էր ունեցել Ուկրաինայում, այն նույնիսկ գնել է Netflix-ը: Փորձագետներից շատերի կարծիքով՝ մեծամասամբ հենց այս սերիալի շնորհիվ է հնարավոր դարձել Զելենսկու տպավորիչ հաղթանակը 2019-ի նախագահական ընտրություններում:

Ռուսաստանցիները երեկ համացանցում փորձում էին հասկանալ՝ ինչ է պատահել, որ նման սերիալը հայտնվել է ռուսական հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ առաջին իսկ սերիայում կա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված մի դրվագ, որը, սակայն, կտրել էին: Իսկ սերիալի եթեր թողնելուց մի ժամ անց ТНТ-ն այն ընդհանրապես հանեց ծրագրից:

«Վեդոմոստի» թերթի հարցմանն ի պատասխան՝ հեռուստաընկերությունից վստահեցրել են, թե ի սկզբանե չէին էլ պատրաստվում երեք սերիայից ավելի թողնել եթեր, և հայտարարությունը, թե սերիալը հնարավոր կլինի դիտել ամեն օր երեկոյան նույն ժամին ТНТ-ի եթերում, ընդամենը հնարք էր, որպեսզի հեռուստադիտողներն այն դիտեն իրենց ինտերնետ հարթակում:

XS
SM
MD
LG