Մատչելիության հղումներ

Զելենսկին պաշտոնապես ճանաչվեց Ուկրաինայի ընտրված նախագահ


Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկի, ապրիլ, 2019թ․

Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես ճանաչվեց Ուկրաինայի ընտրված նախագահ: Երեքշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքները՝ Վլադիմիր Զելենսկին ստացել է 13 միլիոնից ավելի ձայն կամ քվեների ավելի քան 73 տոկոսը, Պետրո Պորոշենկոն՝ 4,5 միլիոն ձայն կամ քվեների ավելի քան 24 տոկոսը: Ուկրաինացի ընտրողների ավելի քան 61 տոկոսը մասնակցել է քվեարկությանը:

Հրապարակելով արդյունքները՝ ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը նշեց, որ չեն ստացել ոչ մի լուրջ բողոք, ինչը կարող էր կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:

41-ամյա կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկու հաղթանակը կասկած չէր հարուցում: Դեռ նախնական արդյունքների հրապարակումից հետո գործող նախագահ Պորոշենկոն շնորհավորել էր նրան, ընդունել էր իր պարտությունը: Սակայն ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման մեջ մի նրբություն կա՝ կապված Գերագույն Ռադան արձակելու նախագահի իրավունքի հետ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո դրանք պետք է հրապարակվեն պաշտոնաթերթում, և դրանից հետո 30 օրվա ընթացքում Գերագույն Ռադան նշանակելու է ընտրված նախագահի երդմնակալության օրը, երբ նա կստանձնի Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Եթե Զելենսկու երդմնակալությունը տեղի ունենա մայիսի 27-ից հետո, ապա ներկայիս Ռադան ցրելու մասին նա այլևս չի էլ կարող անգամ մտածել: Օրենսդիր մարմինը իր գործունեության ժամկետի վերջին կես տարվա ընթացքում անձեռնմխելի է, նախագահը չի կարող խորհրդարանը ցրելու նախաձեռնություն ցուցաբերել՝ օրենքով արգելվում է: Բայց եթե Զելենսկու երդմնակալությունը տեղի ունենա մինչև մայիսի 27-ը, նա խորհրդարանը լուծարելու իրավունք կունենա:

Նորահայտ քաղաքական գործիչ Զելենսկին ներկայիս խորհրդարանում քաղաքական որևէ հենարան չունի:

Զելենսկին ԿԸՀ-ին մեղադրում էր պաշտոնական արդյունքների հրապարակումը ձգձգելու մեջ, որպեսզի ինքը խորհրդարանը ցրելու մասին նույնիսկ մտածելու հնարավորություն չունենա: ԿԸՀ-ն այդ մեղադրանքը չէր ընդունել՝ հայտարարելով, թե գործում է օրենքով սահմանված ժամկետների շրջանակում:

Ուկրաինացի վերլուծաբաններն ակնկալում են, որ Զելենսկու երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 27-ից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG