Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը


Դատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ներկայացրած մինչև 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

«Ավանդական մերժում էր և սպասելի», - ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք կրկին միջնորդություն են ներկայացնելու, փաստաբանը պատասխանեց. - «Այո: «Պեպսի կոլայի» պես՝ կրկին փորձիր»։

Դատավոր Մարինե Մելքոնյանը այսօր ավելի վաղ մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Թեև Գրիգորյանի պաշտպաններն ինքնաբացարկի հիմքերի մասին չեն բարձրաձայնում, սակայն նախկինում նրանք բազմիցս դժգոհություն էին հայտնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են նույն դատավորին՝ Մարինե Մելքոնյանին, և վերջինս մշտապես որոշում է, որ կալանքի համար հիմքեր կան:

Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։ Նա փետրվարի 8-ից գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանն այժմ գտնվում է հիվանդասենյակում բժիշկների հսկողության ներքո, հետազոտությունները շարունակվում են։ Նշեց, որ առաջին օրվանից մինչև այս պահը վերակենդանացման բաժանմունքի հսկողության և բուժման կարիքը Գրիգորյանը չի ունեցել։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։

«Փաստացի գործի նյութերը դե ֆակտո դեռևս չենք ստացել, կարծում եմ երևի մի երկու շաբաթ կպահանջվի։ Ժամկետ նշված չի, որովհետև դեռևս ծավալը չգիտեմ ինչքան է ու ամեն մեկը, մի քանի փաստաբան ենք, արագ տեմպերով կաշխատենք ծանոթանանք», - նշեց Արսեն Մկրտչյանը։

Ավելի քան ութ ամիս տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։ Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG