Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը հետաձգվեց


Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատավարություն, 25-ը հունիսի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատավարություն, 25-ը հունիսի, 2019 թ.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր անվասայլակով բերեցին դատարան։ Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, Գրիգորյանը արձագանքեց. «Գրեք` լավ»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում էր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի բուն գործով դատական նիստը, որը մի քանի անգամ ընդմիջվեց Գրիգորյանի վատ ինքնազգացողության պատճառով։ Անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո միայն նիստը շարունակվեց։ Դատարանում էին բժիշկներ, որոնց հսկողության ներքո էլ գտնվում էր նախկին պատգամավորը:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն, այսօր մեղադրական եզրակացության մասին դիրքորոշում հայտնելով, ասաց՝ Գրիգորյանին և նրա կնոջը առաջադրված մեղադրանքը անհեթեթ է։

«Մանվել Գրիգորյանի, Նազիկ Ամիրյանի և վերջիններիս մերձավորների հետ կապված իրականացվել է հաշվեհարդար։ Հնարածին մեղադրանքերով փորձ է արվել վերջիններիս մեղադրել ծանր հանցագործությունների մեջ և հասարակության առաջ արատավորել նրանց պատիվն ու արժանապատվությունը։ Մանվել Գրիգորյանը և Նազիկ Ամիրյանը զրկվել են իրենց առողջությունից, ընդհուպ գերեվարվելով թշնամու կողմից, սակայն վերադարձրել են մեզ մեր արժանապատվությունը թուրքից, օտարից, հազար տարի անց պատմական Հայաստանի մի մասն են ազատագրել, թշնամու բանակից խլել են զինվորական տեխնիկա, զենք-զինամթերք՝ լարցնելով Հայաստանի բանակը, այսօր մեղադրվում են զինվորի սնունդը յուրացնելու մեջ։ Մեղադրական նման անհեթեթ եզրակացության իրավական գնահատականի կրողը այսօր դատական իշխանությունն է», - նշեց Բաղդասարյանը։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանն այսօր միջնորդեց նաև նիստերն անցկացնել դռնփակ։ Պաշտպանը որպես միջնորդության հիմնավորում նշեց, որ ուսումնասիրելով գործի ողջ նյութերը՝ պաշտպանական կողմը եզրահանգել է, որ դրանցում առկա են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հիմք են դատաքննությունը դռնփակ անցկացնելու համար: Ըստ Քամալյանի՝ այդ տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից:

Պաշտպաններից Լևոն Բաղդասարյանն էլ հավելեց՝ Գրիգորյանի հիվանդությունները ևս անձնական գաղտնի տվյալներ են:

Մինչդեռ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց՝ նշելով, որ քրեական գործն իր ծավալով ամբողջութամբ չի կարող վկայել այն մասին, որ ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազմական գաղտնիք: Դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը։

Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ որոշեց մերժել պաշտպան Քամալյանի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր դատարանում տեղեկացրեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 21-ին բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Ըստ պաշտոնական կայքի, ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից պահանջում է ապահովել, որ դիմումատուն ստանա բժշկական եզրակացությանը համապատասխան անհրաժեշտ դեղորայք և բժշկական օգնություն: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը լիահույս է, որ դիմումատուն կհամաձայնի ստանալ իրեն տրամադրվող բժշկական աջակցությունը: Մեղադրող կողմը բազմիցս պնդել է, որ Գրիգորյանը դատապարտյալների հիվանդանոցում միտումնավոր հրաժարվում է դեղորայք ընդունել:

Լևոն Բաղդասարյանն այսօր միջնորդեց իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը վերացնել։ Խոսքը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասին է։ Ավելի քան 329 հեկտար տարածքը պետությանը նվիրաբերելու որոշման մասին Գրիգորյանն էր հայտնել։ Այս գույքի վրա արգելանք է դրվել քննիչի որոշմամբ:

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչև դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքների պարզումը:

Գրիգորյանի պաշտպանը մեկ այլ միջնորդությամբ ևս հանդես եկավ։ Այս անգամ Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Մեղադրողը չառարկեց: Դատարանն էլ որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը և կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացրեց:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG