Մատչելիության հղումներ

Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, Երևանում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ է


ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը «Ազատության» տաղավարում
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը «Ազատության» տաղավարում

Մարդկային զարգացման համաթվով Հայաստանը 189 երկրների շարքում 81-րդ տեղում է, փաստում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ծավալուն զեկույցը։ «Ազատության» հետ զրույցում զեկույցին է անդրադարձել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

«Ազատություն». - Դուք հրապարակել եք Մարդկային զարգացման 2018 թվականի զեկույցը։ Ի՞նչ է այն բացահայտում աշխարհի մասին, և ի՞նչ նորություններ կան զեկույցում։

Դմիտրի Մարիյասին. - Շնորհակալ եմ, ուրախ եմ, որ այստեղ եմ։ Այս տարվա զեկույցը անհավասարությունների վրա է կենտրոնացած։ Շատերը կարծում են, որ մարդկանց միջև անհավասարությունը պայմանավորված է միայն նրանց եկամուտներով, այն եկամուտներով, որ հարուստներն ու աղքատներն ունեն։ Բայց զեկույցը մեկ քայլ առաջ է գնում և փորձում է պարզել՝ աշխարհում ուրիշ ի՞նչ գործոններ են նպաստում անհավասարությունների ստեղծմանը, որովհետև, որքան էլ զարմանալի է, Ջինիի գործակիցը, որը համեմատում է ամենահարուստների և ամենաաղքատների եկամուտները, գնալով բարելավվում է, սակայն շատ երկրներում մենք տեսնում ենք, թե ինչպես է անհավասարությունը հանգեցնում դժգոհության, ու մարդիկ փողոց են դուրս գալիս քաղաքական փոփոխությունների պահանջով։

Զեկույցն այս ամենն է դիտարկում երեք հիմնական ուղղություններով՝ եկամտից այն կողմ՝ առողջապահական համակարգ, կրթություն, տեխնոլոգիաներ, թե ինչպես են կարողանում մարդիկ օգտվել նոր տեխնոլոգիաներից։ Դրանք փոփոխում են աշխատաշուկան։ Բոլորս լսում ենք արհեստական բանականության, բջջային հավելվածների, ինտերնետի բերած փոփոխությունների մասին։ Այս ամենը ազդում է աղքատների կյանքի վրա, մարդկանց վրա, որոնք չունեն հմտություններ օգտվելու նոր տեխնոլոգիաներից։ Պետք է հասկանալ, թե ինչպես օգտագործել այս նոր տեխնոլոգիաները՝ բարելավելու նաև այս մարդկանց կյանքը։ Անգամ լավ աշխատանք ունեցող մարդիկ այսօր կարող են կորցնել իրենց աշխատանքը, եթե չեն տիրապետում տեխնոլոգիաների։ Մեկ այլ հարց. զեկույցը նաև անդրադառնում է կլիմայի փոփոխության մարտահրավերներին՝ ինչ տեղի կունենա, եթե կլիմայական փոփոխությունները չկանխվեն։

«Ազատություն». - Հիմա եկեք խոսենք Հայաստանի մասին. Հայաստանի մարդկային զագացման համաթիվն անցյալ տարվա համեմատ կարծես թե բարելավվել է, սակայն եկեք այն համատենք տարածաշրջանի երկրների հետ։

Դմիտրի Մարիյասին. - Հայաստանը մարդկային զարգացման բարձր սանդղակում է, դասակարգումն այսպես է՝ ցածր, միջին, բարձր և շատ բարձր։ 1990-ից 2018 թվականի միջակայքում Հայաստանը մարդկային զարգացման առումով նկատելիորեն բարելավել է դիրքերը, տարածաշրջանում զիջում է Վրաստանին, առաջ է Ադրբեջանից։ Հայաստանում անկախացումից ի վեր նկատելիորեն երկարել է մարդկանց կյանքի տևողությունը՝ սա այն գործոններից է, որոնք ուշադիր դիտարկվում են զեկույցի հեղինակների կողմից։ Բայց եկեք դիտարկենք ոչ միայն թվերը, այլև խնդիրները խորությամբ։ Անհրաժեշտ է ասել, որ Հայաստանը խնդիրներ ունի կրթական համակարգում։ Զեկույցը ոչ միայն դիտարկում է, թե ամեն հայաստանցի երեխա քանի տարի է անցկացնում համալսարանում և բուհում, այլև դիտարկում է, թե 25 տարին լրացած մարդը որքան ժամանակ է անցկացնում կրթական հաստատություններում սովորելով, ձեռք բերելու նոր գիտելիք ու հմտություններ՝ ըստ աշխատաշուկայի պահանջների։

Ահա սա է մարդկային զարգացման բարձր և շատ բարձր սանղդակների երկրների միջև հիմնական տարբերությունը, ընդ որում խոսքը ոչ միայն քաղաքների, այլև գյուղերի բնակիչների մասին է։ Ահա այդպիսի մասնագիտական դասընթացների բացակայությունն է, որ իջեցրել է Հայաստանի ցուցանիշը կրթության հարցում։ Խոսքն այն մասին չէ, որ ամեն հողագործ կամ անասնապահ պիտի գնա համալսարան սովորելու, բայց օրինակ, ենթադրենք, գյուղատնտեսությունում սկսել են օգտագործվել նորարարական գործիքներ, և մեծ եվրոպական շուկայի հետ մրցելու համար դու պետք է արտադրես ավելի կանաչ ու մաքուր բանջարեղեն, ինչպե՞ս պետք է ձեռք բերես այդ գիտելիքները, հնարավորություն ունե՞ս գնալու վերապատրաստման դասընթացների։

«Ազատություն». - Զեկույցը նաև վերհանում է մի շարք բնապահպանական խնդիրներ։ Կնշե՞ք, թե որոնք են Հայաստանի առջև եղած մարտահրավերները։

Դմիտրի Մարիյասին. - Ինչպես նշեցի, զեկույցը կենտրոնանում է կլիմայի փոփոխության հարցերի վրա, բայց կան նաև շատ ուրիշ կարևոր գործոններ, որոնց միջոցով պարզվում է՝ արդյո՞ք մարդիկ հնարավորություն ունեն ապրելու երկար և արժանապատիվ կյանքով։ Դրանցից առաջինը օդի որակն է, որն ազդում է մարդկանց առողջության, կյանքի տևողության վրա։ Ենթադրենք, մի ընտանիք պայքարում է երեխայի ունեցած քաղցկեղի դեմ, որը գուցե կապված է շրջակա միջավայրի աղտոտվածության հետ՝ հատկապես հանքավայրերին մոտ բնակավայրերում։ Ասենք, այս ընտանիքը բարեբախտաբար կարողանում է չեզոքացնել քաղցկեղը, բայց շատ մեծ ֆինանսական ներդրման ու հազարավոր դոլարներ ծախսելու շնորհիվ՝ գումարներ, որոնք կարող էին ուղղվել երեխայի կրթությանը։ Օդն աղտոտվում է ամենօրյա ներգործությունների հետևանքով, օրինակ՝ ի՞նչ են մարդիկ այրում, որ տաքացնեն տները, արդյո՞ք նրանք պլաստիկ են այրում, օրինակ՝ հնարավոր է, այրում են ավտոմեքենաների հին անվադողեր, որովհետև եթե այդպես է, ապա այդտեղ ուղիղ կապ կա այրվող նյութերի և օդի աղտոտվածության մակարդակի միջև։ Հայաստանում ապրող օտարերկրացիներս հետևում ենք մի հավելվածի, որը ցույց է տալիս Երևանում օդի աղտոտվածության մակարդակը, այդ ցուցանիշն իրոք մտահոգիչ է։ Բացի այդ, հողը ևս աղտոտված է, հողերի 18-20 տոկոսն աղտոտված են քիմիական նյութերով, ինչը նշանակում է, որ այդտեղ աճեցված բանջարեղենն ու միրգն օգտագործելիս վնասում ես և քեզ, և մյուս սպառողներին, բացի այդ, չես կարող արտահանել ու արտերկրում վաճառել այդ ամենը։

Աղբի վերամշակումը մեկ այլ լուրջ խնդիր է, որը բացասաբար է ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ օդն աղտոտելուց մինչև զբոսաշրջության զարգացում։ Հայաստանում զբոսաշրջության ցուցանիշները ամեն տարի բարելավվում են, բայց երբ այդքան հյուրեր ես ընդունում, չես կարող ճանապարհների երկայնքով թափված պլատիկ շշեր ունենալ։

Այս երեք օրինակները բերեցի՝ ցույց տալու, որ սրանք ոչ միայն բնապահպանական նշանակության հարցեր են, այլև առողջապահական, հասարակական, տնտեսության մրցունակության, գործոններ, որոնք հսկայական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի վրա։​

«Ազատություն». - Զեկույցի՝ Հայաստանի մասին հատվածը կենտրոնանում է նաև կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հարցերի վրա։ Հայաստանում շատերը, ու հատկապես՝ ավելի տարիքով սերունդը, սիրում են ասել, որ մեր երկրում կանանց հարգում են և իրավունքների խնդիրներ էլ հետևապես չկան, բայց ՄԱԿ-ի զեկույցը շատ խնդիրներ է վերհանում։

Դմիտրի Մարիյասին. - Կանայք Հայաստանի բնակչության կեսից ավելին են, իսկ բարձրագույն կրթություն ստացածների 54 տոկոսն են կազմում։ Բայց նրանք ակտիվ ներգրավված չեն տնտեսությունում, աշխատաշուկայում։ Աշխատող կանանց թիվը 33 տոկոսով ցածր է տղամարդկանց թվից, ըստ վերջին վիճակագրության, բացի այդ, ցավոք սրտի, նույն աշխատանքի համար կանանց ավելի քիչ են վարձատրում։ Կան ուսումնասիրություններ, որ երկիրը կորցնում է համախառն ներքին արդյունքի 6-18 տոկոսը տնտեսությունում կանանց ոչ բավարար ներգրավվածության հետևանքով։ Այս ամենի պատճառը ոչ միայն ավանդույթներն են ու մշակույթը, այլև այն, որ կանայք իրենց չեն տեսնում տնտեսության որոշակի ոլորտներում, ինչպես, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Հաջորդ պատճառը երեխաների խնամքի կենտրոնների թերի լինելն է։ Կարո՞ղ է կինն աշխատել, երբ խնամքին երեխաներ ունի։ Շատ գյուղերում անգամ մանկապարտեզներ չկան: Եվ այս ամենից բացի, իհարկե, կան նաև կարծրատիպեր, որոնք թույլ չեն տալիս կանանց հավասար աշխատել։ Այս ամենը ձևավորվում է ոչ միայն ընտանիքներում, այլև դպրոցներում, որտեղ երեխաները տարբեր դերեր են ստանձնում։​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG