Մատչելիության հղումներ

Մարդկային զարգացման համաթվով Հայաստանը 81-րդն է, զիջում է Վրաստանին


ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը «Ազատության» տաղավարում

Մարդկային զարգացման համաթվով Հայաստանը 189 երկրների շարքում 81-րդ տեղում է, փաստում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի այսօր հրապարակած ծավալուն զեկույցը, որն այս տարի խոշորացույցի տակ է առել անհավասարությունն աշխարհում՝ դիտարկելով ոչ թե միայն մարդկանց եկամուտները, այլ նաև նրանց ունեցած հնարավորություները՝ ստանալու կրթություն, ունենալու առողջ ու երկար կյանք և այլն։

«Հայաստանը մարդկային զարգացման բարձր սանդղակում է, դասակարգումն այսպես է՝ ցածր, միջին, բարձր և շատ բարձր։ 1990-ից 2018 թվականի միջակայքում Հայաստանը մարդկային զարգացման առումով նկատելիորեն բարելավել է դիրքերը, տարածաշրջանում զիջում է Վրաստանին, առաջ է Ադբեջանից», - «Ազատության» հետ զրույցում ասում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Հայաստանում անկախությունից ի վեր նկատելիորեն երկարել է մարդկանց կյանքի տևողությունը, որը ՄԱԿ-ի այս զեկույցի կարևոր ցուցանիշներից է, բայց Հայաստանը լուրջ խնդիրներ ունի 25 տարեկանից բարձր մարդկանց կրթության հարցերում, ինչպես նաև աշխատաշուկայում կանանց ներգրավվածության ցածր մակարդակի, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառներով։

«Մարդկային զարգացման համաթիվը ստանալիս ոչ միայն դիտարկում են, թե երեխաները քանի տարի են անցկացնում դպրոցում, ապա՝ բուհում, այլ նաև հաշվի են առնում, թե 25 տարին լրացած մարդը որքան ժամանակ է անցկացնում կրթական հաստատություններում՝ ձեռք բերելու նոր գիտելիք ու հմտություններ՝ ըստ աշխատաշուկայի պահանջների։ Ահա սա է մարդկային զարգացման բարձր և շատ բարձր սանդղակների երկրների միջև հիմնական տարբերությունը», - ասում է Մարիյասինը։

Զեկույցը նաև դիտարկում է, թե որևէ երկրի բնակիչն ունի՞ հնարավորություն՝ ապրելու առողջ, ունենալու արժանապատիվ կենսամակարդակ։ Արդյո՞ք շրջակա միջավայրի աղտոտվածությունը կարող է ազդել նրա առողջության վրա, կա՞ն արդյոք վտանգավոր հանքավայրեր ու աղբավայրեր նրա բնակավայրին մոտ։ Դմիտրի Մարիյասինն ասում է՝ վերջին շրջանում Հայաստանում շատերը ցնցված են պարզելու, որ երկիրն ունի օդի աղտոտվածության բարձր մակարդակ։

«Օդն աղտոտվում է ամենօրյա ներգործությունների հետևանքով, օրինակ՝ ի՞նչ են մարդիկ այրում, որ տաքացնեն տները, արդյո՞ք նրանք պլատիկ են այրում, օրինակ՝ հնարավոր է՝ այրում են ավտոմեքենաների հին անիվներ, որովհետև եթե այդպես է, ապա այդտեղ ուղիղ կապ կա այրվող նյութերի և օդի աղտոտվածության մակարդակի միջև։ Աղբի վերամշակումը մեկ այլ լուրջ խնդիր է, որը բացասաբար է ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ օդն աղտոտելուց մինչև զբոսաշրջության հարցեր։ Հայաստանում զբոսաշրջության ցուցանիշներն ամեն տարի բարձրանում են, բայց եթե այդքան հյուրեր ես ընդունում, չես կարող ճանապարհների երկայնքով թափված պլատիկ շշեր ունենալ», - շեշտեց Դմիտրի Մարիյասինը։

Ներկայացնելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ծավալուն զեկույցի բացահայտումները Հայաստանի մասին՝ նա նաև նկատում է, որ, ըստ ուսումնասիրության, Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժում է կանանց պասիվության պատճառով։ Կանայք Հայաստանում չեն աշխատում տարբեր պատճառներով՝ երեխաների խնամքի կենտրոնների բացակայությունից մինչև չաշխատելու ավանդույթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG